ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Հանրահայտ օպերային երգիչ Դմիտրի Խվորաստովսկին մահացավ գիշերվա ժամը 3–ին։ Մեկ օր առաջ նրա մոտ էին եկել ծնողները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է հայտնի հայ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը։
Խվորաստովսկին մահացել է կյանքի 56–րդ տարում, ծանր ու երկար հիվանդությունից հետո։ Երկար տարիներ Լոնդոնում ապրող երգիչը 2015թ.–ի վերջում հայտարարեց, որ ծանր հիվանդություն են իր մոտ հայտնաբերել` գլխուղեղի ուռուցք։
«Երեկ նրա մոտ էի, ծնողներն էլ այցի եկան։ Գիշերվա երեքին նա հեռացավ կյանքից»,–պատմել է Օրբելյանը։
Դիրիժորն ավելացրել է, որ իրենք հաճախ են միասին ելույթներ ունեցել, նաև երկար տարիներ լավ ընկերներ են եղել։
«Խվորաստովսկին եզակի երևույթ էր։ Աստված նրան օժտել էր հրաշալի արտաքինով, աննման ձայնով, երաժշտական տաղանդով ու աննկուն աշխատասիրությամբ։ Նա ամեն ինչ անում էր ոչ թե 100, այլ 1000 %–անոց ճշգրտությամբ։ Նա ինքն իրեն գերազանցում էր։ Ամեն դեր, որ խաղում էր, դարձնում էր իրենը, ինքն ապրում էր այդ կերպարով։ Ցանկացած համերգի ժամանակ նա համերգասրահը լցնում էր հսկայական դերասանական և զգացմունքային էներգիայով։ Նրա ռազմական երգերով նախագիծը երկիրը հպարտությամբ լցրեց։ Այդ ամենը անհավանական ու եզակի էր։ Բայց նա այլևս չկա, հեռացավ մեզանից»,–ասել է Օրբելյանը։
Դմիտրի Խվորաստովսկուն համաշխարհային ճանաչում բերեց 1989թ.–ին Մեծ Բրիտանիայում «Բի–Բի–Սի–ի» «Տարվա երգիչ» մրցույթում տարած հաղթանակը։