ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Չեմպիոնների Լիգայում «Բեզելի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է` ինչի դաշտ չի թողնում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին։
«Անցած խաղում ես որոշում կայացրեցի կազմում ներառել Անթոնի Մարսիալին ու Մարկուս Ռաշֆորդին։ Շաբաթներ շարունակ հարցնում էին ինձ` ինչու նրանք միասին չեն խաղում, ու հիմա, երբ նրանք միասին խաղացին, դուք միանգամից ինձ Մխիթարյանի մասին եք հարցում։ Պատասխանը շատ պարզ է, քանի ֆուտբոլի միջազգային կազմակերպությունները կանոնները չփոխեն, ես կեմ կարող միաժամանակ ավելի քան 11 ֆուտբոլիստի դաշտ թողնել», – մարզիչի խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։
Պորտուգալացին ասել է, որ իրեն հիասթացեցնում են հարցերը որևէ ֆուտբոլիստի մասին, որը չի խաղում կամ լավագույն մարզավիճակում չէ։ «Արդեն ոչ ոք չի հարցնում Մարսիալի կամ Քրիս Սմոլինգի մասին։ Իրականում պատմությունը միշտ նույնն է` կան դիրքեր, որոնցում վնասվածքներ չկան ու մեծ ընտրություն կա, իսկ կան վնասվածքներից թուլացած դիրքեր, որոնցում առանձնապես ընտրություն չկա», – ասել է «կարմիր սատանաների» մարզիչը։
Նա հիշեցրել է` երբ Կարիկը, Պոգբան, ու Ֆելաինին վնասվածքներն ունեին, Մատիչն ու Էրեյրան խաղում էին բոլոր խաղերում, երիտասարդ Մակտոմենեյը ստանում էր իր խաղային ժամը։ «Բայց հիմա, երբ վերադարձան Պոգբան ու Ֆելաինին, ես սպասում եմ, որ մյուս շաբաթ կհարցնեք ինձ` ինչու չի խաղում մեր կենտրոնական կիսապաշտպաններից մեկը», – կատակել է Մոուրինյուն։
Ավելի վաղ` The Sun պարբերականը հայտնել էր, որ Մոուրինյոն հնարավոր է, Մխիթարյանին դադար տա, երբ թիմ վերադառնան Պոլ Պոգբան ու Մարուան Ֆելաինին։ Ավելի վաղ ԶԼՄ–ները սկսել են տեղեկություն տարածել, որ Մխիթարյանին Մանչեսթերում կարող է փոխարինել Մեսութ Օզիլը, որի պայմանագիրը Արսենալի հետ լրանում է 2018 թվականի ամռանը։