ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղվա նիստում նախատեսում է քննարկել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի` ջրի սակագնի բարձրացման հայտը։
Բայց նախքան որոշման կայացումը, հանձնաժողովի կայքում հրապարակված որոշման նախագծից պարզ է դառնում, որ դրա հաստատման արդյունքում ջրի սակագինը ՀՀ շարքային քաղաքացիների համար կթանկանա 11 դրամ 41 լումայով։
Նախագծի համաձայն` ջրամատակարարման ու ջրահեռացման սակագները միասին կկազմեն 191 դրամ 41 լումա՝ մեկ խորանարդ մետրի դիմաց` ներկայիս 180 դրամի փոխարեն:
Նշենք, որ «Վեոլիա Ջուրն» առաջարկում էր 1 խմ դիմաց սահմանել 194.3 դրամ սակագին, սակայն հանձնաժողովը շուրջ 3 դրամով նվազ սակագին է հաշվարկել։
Հիշեցնենք` ջրի սակագնի բարձրացման հայտով «Վեոլիա Ջուր»-ը ՀԾԿՀ-ին էր դիմել դեռևս ս.թ. օգոստոսի 7-ին, որից հետո հանձնաժողովում մեկնարկել էր հայտի ուսումնասիրության գործընթացը:
Հանձնաժողովի վաղվա որոշումն ու դրանով սահմանվող նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունվարի 1-ից: