ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը շաբաթներ առաջ հանձնարարական էր իջեցրել մարզպետներին՝ օպտիմալացման առաջարկով դիմել համայնքապետարաններին, որոնց ենթակայության տակ են գտնվում նախադպրոցական հաստատությունները:
Ըստ Լոքյանի ներկայացրած հայեցակարգի՝ նախատեսվում է մարզային մանկապարտեզների մոտ 50 տոկոս կրճատում:
«Երեկ նախարարը մեր լրագրողին վստահեցրել է, որ ի սկզբանե ոչ թե մանկապարտեզների օպտիմալացման խնդիր է դրված եղել, այլ ղեկավար կազմի: «Մենք առաջարկել ենք ոչ թե մանկապարտեզներ փակել, այլ խոշոր քաղաքներում նույն համայնքում, եթե կա երեք մանկապարտեզ, որ ունեն երեք տնօրեն, երեք հաշվապահ, տնտեսվար, թողնենք մեկը, դրանք ունենան մեկ ղեկավար, մեկ հաշվապահ և այլն: Այսինքն՝ անցնեն օպտիմալ կառավարման ձևին, ընդհանուր գնում անեն, ֆինանսական ծախսերի օպտիմալացման գնան»,- ասել է նախարարը:
Հարցին, թե ավելի ճիշտ չի լինի մանկապարտեզների ղեկավար կազմն օպտիմալացնելուց առաջ օպտիմալացնել կառավարման համակարգը՝ նախարարների, մարզպետների խորհրդական-օգնականների պորտաբույծ ինստիտուտը: «Շատ ճիշտ է»,- ասել է Լոքյանն ու շտապ իրեն գցել ԱԺ նիստերի դահլիճ»,-գրում է թերթը:
Թերթի տեղեկություններով՝ մարզերում սվիններով են ընդունել Լոքյանի հանձնարարականը, քանի որ մանկապարտեզի երեխաների դեպքում տեղափոխման և այլ հարցերի հետ կապված լուրջ խնդիր կարող է առաջ գալ օպտիմալացման դեպքում: