ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցության մակարդակը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր թիմերը լարված աշխատում են բոլոր այն պայմանավորվածությունների իրականացման վրա, որոնք ձեռք են բերվել այս տարվա մարտին ձեր ռուսաստանյան այցի ժամանակ», – ասել է Պուտինը` բացելով բանակցություններն իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ։
Հիշեցնենք, որ Մոսկվայում այս տարվա մարտին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում Ռուսաստանն ու Հայաստանը, մասնավորապես, պայմանավորվել են շարունակել ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը երկկողմանի հիմունքներով` տարածաշրջանային ու միջազգային անվտանգությունը պահպանելու նպատակով։
Պուտինի խոսքով` այս հանդիպման ընթացքում քննարկվել են «հայ-ռուսական բազմակողմանի համագործակցության վիճակն ու զարգացման հեռանկարները»։
Ռուսաստանի նախագահը կարծում է, որ համագործակցության արդյունքը երևում է ոչ միայն քաղաքական ոլորտում ու անվտանգության հարցերում, այլ նաև տնտեսության մեջ։ Նա ընդգծել է անցած տարվա տնտեսական համագործակցության աճն ու ներկայումս այդ միտման պահպանումը։
«Անկասկած ուրախալի է, ու լավ կլիներ պահպանել այդ միտումը», – ասել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը նշել է, որ Սարգսյանի այցը կապված է ՌԴ–ում Հայաստանի մշակույթի օրերի մեկնարկի հետ։ Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ երկրի իրավապահ մարմինները վերադարձնում են Հայաստանում առևանգված Վրուբելի կտավը։
«Շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ», – ավելացրել է ՌԴ նախագահը։
Սարգսյանը նշել է, որ ուրախ է Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպման ու երկու երկրների համագործակցության կապակցությամբ։ Հայաստանի նախագահը ընդգծել է, որ Ռուսաստան– Հայաստան մշտական շփումները բարձր մակարդակի վրա են։