ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Գերմանացի աշխարհի չեմպիոն Մեսութ Օզիլի պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է գալիք ամռանը, և անգլիական լրատվամիջոցները կանխագուշակում են Մոուրինյո-Օզիլ վերամիցացումը «Ռեալից» հետո:
Անկեղծ ասած՝ հիմա հայ կիսապաշտպանի խաղը «Մանչեսթեր Յունայթեդում», իրոք, ցանկալի բարձր մակարդակի վրա չէ: Այն, որ Հենրիխը մեծ տաղանդ ունի և կարող է ամենաբարձր մակարդակի ֆուտբոլ խաղալ, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Բայց համարձակվենք ասել, որ Մոուրինյոյի կամ ներկա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղաոճում հայ կիսապաշտպանն իրեն լավ չի զգում:
Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Սիթիի» հետ անհաջող խաղից հետո երկար ժամանակ մնաց պահեստայինների նստարանին: Պորտուգալացի մարզիչը պատրաստում էր Հենրիխին հոգեբանորեն: Հայ ֆուտբոլիստն իր աշխատասիրությամբ ու գործին անմնացորդ նվիրվելու հաշվին կարողացավ հետ գալ ու դարձավ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ, իսկ երկրպագուները սկսեցին երգերով արժանին մատուցել մեր ֆուտբոլիստին:
Այդ մրցաշրջանի մեկնարկում Հենրիխը շարունակում էր խաղալ բարձր մակարդակով ու երեք խաղերում գոլային հինգ փոխանցման հեղինակ դարձավ: Ամեն ինչ կարգին էր ընթանում, բայց սկզբունքային մրցակիցների հետ խաղերում հայ ֆուտբոլիստը չի կարողանում իրեն դրսևորել ինչպես պետք է: Ի դեպ, նույն խնդիրն ունի նաև Մեսութ Օզիլը:

Մրցաշրջանի մեկնարկում Հենրիխը գնդակը ստանալուն պես արագ գործողություն էր իրականացնում՝գրոհին տալով ուղղություն և փոխանցումներով աջ, ձախ կամ կենտրոնական հարձակվողի գոտի սրում իրավիճակը մրցակցի տուգանային հրապարակում: Հիմա այդպես չէ, բայց միգուցե մեր խաղացողը մարզչական հրահանգ է կատարում:
Շատերը նշում են, որ Հենրիխը զիջում է Կևին դե Բռույնեյին, Դավիդ Սիլվային կամ Քրիստիան Էրիկսենին, բայց չէ՞ որ «Մանչեսթեր Սիթին» ու «Տոտենհեմը» բոլորովին այլ ոճի ֆուտբոլ են խաղում:
Այս թիմերը դավանում են հարձակողական ու ագրեսիվ ոճը՝ մեծ տեղաշարժերով ու արագության մեջ, Մոուրինյոն՝ հակառակը: Պորտուգալացի մարզիչն ավելի հաճախ սիրում է խաղալ հակագրոհներով՝ շեշտը դնելով արդյունքն ապահովելու վրա: Ճիշտ է՝ կան խաղեր, որոնցում նախաձեռնությունը մանկունյանցիների ձեռքում է լինում, բայց այդ դեպքում էլ արագություններն այն չեն:
Գաղտնիք չէ, որ Մոուրինյոն սիրում է իր խաղացողներին կամ թիմին լարվածության մեջ պահել: Իզուր չի ասված՝ special one. Օզիլը «Ռեալում» հարմարվել էր այդ մոտեցմանը, Հենրիխը՝ դեռևս ոչ: Այստեղ, միգուցե, պետք է հաշվի առնել նաև ֆուտբոլիստների հոգեբանությունը: Հայ ֆուտբոլիստը շատ ծանր է տանում մարզչի անվստահությունն ու փորձում իր ահավոր մեծ ծավալի աշխատանքով վստահություն ձեռք բերել: Կրկնեմ՝ Օզիլը, միգուցե, հարմարվել է դրան:
Ամեն դեպքում, Մխիթարյանը խաղադաշտում ավելի մեծ ծավալի աշխատանք է կատարում, քան Օզիլը: Աշխարհի չեմպիոնը շատ խաղերում պարզապես իներտ է, իսկ որոշ խաղերում էլ, կարելի ասել՝ «կանգնած» ֆուտբոլ է խաղում: Հենրիխն անընդհատ գործողության մեջ է: Մխիթարյանն իր նախորդ թիմերի խաղերում ապացուցել է, որ կարող է և՛ գրոհ սկսել, և՛ այն ավարտին հասցնել:
Ժամանակակից ֆուտբոլն էլ բարձրակարգ ֆուտբոլիստից ունիվերսալիզմ է պահանջում: Այսինքն՝ Մոուրինյոն ու Հենրիխը պետք է գտնեն լավագույն տարբերակը: Բացի այդ, Հենրիխի խաղընկերները շատ կարևոր դերակատարում ունեն: Նրանք էլ, սակայն, անկարող են ինչ-որ բանով օգնել, եթե մարզչի ցուցում կա խաղի մարտավարության ու խաղացողների տեղաշարժի մասին:
Ստացվում է, որ Հենրիխ Մխիթարյանի համար փորձության հերթական պահն է: Չեմ էլ կասկածում, որ հայ ֆուտբոլիստը ամեն ինչ կանի «Մանչեսթեր Յունայթեդի» արդյունքները նոր մակարդակի հասցնելու համար, բայց ևս մեկ անգամ չմոռանանք Մոուրինյոյի գործոնը: Պորտուգալացին կարող է առանց հեծանիվ հայտնաբերելու օգնել մեր ֆուտբոլիստին և անել ճիշտ նույնի հակառակը, իսկ թե ինչքան լեգենդար ֆուտբոլիստներ են տուժել դրանից՝ արդեն գաղտնիք չէ: