ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 14-ին աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին, հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
Հանդիպման ժամանակ խոսել են արցախյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մասին։
Զրուցակիցները քննարկել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։
Քննարկվել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։