ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Հիմնականում Սորոսի հիմնադրամն է աջակցում, որ Հայաստանում ընդունվի քրեական նոր օրենսգիրքը, ըստ այդմ`պաշտպանվեն ԼՀԲՏ համայնքի իրավունքները, անցկացվեն գեյ-շքերթներ, միասեռական ամուսնություններ։ Այս համոզմունքն ունի Հանուն ինքնիշխանության վերականգնման նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը։
Նա հիշեցրեց` Քրեական օրենսգրքի նոր նախագծով` 197-րդ հոդվածը նախատեսվում է քրեական պատիժ սահմանել խտրականության կիրառման համար։ Նրա խոսքով` քրեական նոր օրենսգրքի նախագիծը շահագրգռված է առաջ տանել արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։
«Քոչարյանն ունի հասարակական կազմակերպություն, որը Սորոսի ֆոնդից մոտ 300 հազար դոլար դրամաշնորհ է ստացել։ Դա «Գործընկերություն հանուն բաց հասարակության» հասարակական կազմակերպությունն է։ Գուցե այստեղ անձնական շահագրգռվածություն կա»,-ասաց Նահապետյանը։
Sputnik Արմենիան թեմայի վերաբերյալ դիմեց ՀՀ արդարադատության նախարարությանը։ Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունում այդ հայտարարությունը որակեցին բացարձակ սուտ։
«ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը որևէ հասարակական կազմակերպության նախագահ չէ և որևէ կապ չունի դրամաշնորհի հետ»,-ասված է պատասխան նամակում։
Ի դեպ, Նահապետյանը քննադատում է նաև ՀՀ արդարադատության նախարարության ակտիվությունը «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի ընդունման հարցում։ Այստեղ ևս նախարարության պատասխանը չի ուշանում։
«Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի մասնակցությունը օրենքի հետ կապված հանրային քննարկումներին պայմանավորված է ՀՀ վարչապետի 567-Ա որոշմամբ, համաձայն որի, պարոն Քոչարյանը նշանակվել է օրենքի նախագիծը մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար»,-Sputnik Արմենիային հայտնեցին արդարադատության նախարարությունից։
Տեղեկացնենք, որ 2016 թվականին հայկական կազմակերպություններն, ընդհանուր առմամբ, ստացել են ավելի քան 1 մլն 752 հազար դոլարի դրամաշնորհ:
Իսկ վերջին 5 տարվա կտրվածքով այդ թիվն անցնում է յոթ միլիոն դոլարը։ Հիմնադրամի դրամաշնորհներն ուղղվում են մի քանի թիրախային խմբերի՝ քաղաքացիական հասարակություն, մեդիա, կանանց իրավունքներ, կրթություն, հանրային առողջություն և այլն: