ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 11-ին «Երևանյան հեռանկարներ» փառատոնը կներկայացնի դասական երաժշտության գերաստղի` 9 անգամ «Գրեմմի» ստացած «Էմերսոն» լարային քառյակին:
Նյու Յորքում հիմնադրված խումբը շուրջ չորս տասնամյակ համարվում է կամերային երաժշտության մեջ կատարելության խորհրդանիշ և լավագույն մեկնաբանող:
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում հոկտեմբերի 7-ին Երևանում հանդես եկավ քառակի «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, սոպրանո Ռենե Ֆլեմինգը:
Տարին կեզրափակվի մեր օրերի ականավոր դաշնակահար Էվգենի Կիսինի մենահամերգով:
Հետաքրքրական է, որ Ռենե Ֆլեմինգը և «Էմերսոն» լարային քառյակը միասին հանդես են եկել Լիրիկական Սյուիտ- սիրո պատմություն նախագծով, իսկ հաջորդ տարվա սկզբին արդեն հայտնի են Եվգենի Կիսինի և «Էմերսոն» քառյակի համատեղ ելույթների օրերը եվրոպական քաղաքներում:
Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո`ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: