ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցից դուրս գալուց հետո սկսել է զբաղվել թատերախումբը կարգի բերելու գործով, գրում է Дни.ру-ն։
Ինչպես գրում է պարբերականը, դերասանը կանչել է թատրոնի աշխատակիցներին և ասել, որ կոլեկտիվի նորմալ աշխատանքին խանգարող խաբեբաները հեռանան թատրոնից։
«Վատ մարդիկ պետք է հեռանան թատրոնից։ Ես անուններ չեմ ասելու և չեմ պատրաստվում ինչ-որ միջոցներ ձեռնարկել, ազատել աշխատանքից… Բայց կարծում եմ, որ երկու-երեք օրվա ընթացքում այդ մարդիկ պետք է որոշում ընդունեն»,- ասել է դերասանը։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ջիգարխանյանը չի սպասել, որ որոշ մարդիկ ինքնուրույն որոշում կայացնեն և հրամանի կարգով նրանց հեռացրել է թատրոնից։ Այդ մարդկանց թվում են եղել դերասանի աները` թատրոնի գլխավոր ինժեներ Վիկտոր Ցիմբալյուկը, և զոքանչը` Լիդիա Ցիմբալյուկը։
Պարբերականի տվյալով` զոքանչը հեռացել է արցունքն աչքերին և նշել, որ իրեն դժվար թե թույլ տան ընդհանրապես թատրոն մտնել։
«Բայց ես իրեր ունեմ այնտեղ։ Չգիտեմ` ինչ է տեղի ունենում։ Աղջկաս ամուսնությունը փրկելու մասին նույնիսկ չգիտեմ` ինչ ասեմ։ Մենք վերջին երկու շաբաթվա ընթացքում շոկի մեջ ենք»,- ասել է նա։
Ասում են` հետո կինը հիստերիա մեջ է ընկել։ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մայրը ոչ մի կերպ չի կարողացել հասկանալ, թե ինչպես կարող էր փեսան այդպես վարվել, երբ ինքն այդքան սիրում էր դերասանին։
Ջիգարխանյանը ֆինանսական սկանդալի պատճառով նոյեմբերի 9-ին պաշտոնապես կբաժանվի իր կնոջից` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից: Հայտնի է, որ Ցիմբալյուկը լքել է Ռուսաստանը: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն` Ջիգարխանյանի կինն իր մոր հետ մեկնել է Թբիլիսի, սակայն, ամենայն հավանականությամբ, երթուղին ավելի ուշ կփոխվի: Որոշ տեղեկությունների համաձայն` նա կարող է գնալ Կիև, քանի որ Ցիմբալյուկն Ուկրաինայի քաղաքացիություն ունի:
Այժմ Ջիգարխանյանն ապրում է երեք սենյականոց վարձակալած բնակարանում, որը նրան օգնել են գտնել ընկերները:
Արմեն Ջիգարխանյանը և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան միասին ապրել են ավելի քան տասնհինգ տարի, բայց պաշտոնապես ամուսնացած են միայն մեկուկես տարի։
Հիշեցնենք, որ կնոջ հետ տեղի ունեցած կոնֆլիկտից հետո Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հայտնվել էր Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղ մնաց ավելի քան տասը օր: Հիվանդանոցում նա ասում էր, որ չգիտի, թե ուր է գնալու, քանի որ ամբողջ գույքը վերագրանցել է կնոջ անունով: Այժմ իրավապահ մարմինները հետաքննում են Ջիգարխանյանի անձնագրի գողության փաստը: