ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Ամերիկյան Washington Post պարբերականը մեծ թվով լուսանկարներ է հրապարակել, որոնք ներկայացնում են Մեծամորի ատոմային էլեկտրակայանի աշխատակիցների ամենօրյա կյանքը։
Լուսանկարիչ Ստեֆանո Մորելին Մեծամորը լուսանկարել է հունվարի սկզբին, բայց լուսանկարների շարքը միայն հիմա է հրապարակվել պարբերականում։
Թերթի առցանց տարբերակը պատմել է ԱԷԿ-ի ու Մեծամոր քաղաքի մասին, որտեղ 10000 մարդ է ապրում։ Նրանցից հազարը ԱԷԿ-ում են աշխատում։
«ԱԷԿ-ը վաղուց է անհանգստության թեմա դարձել, ինչի համար, համենայն դեպս, երկու պատճառ կա. Ատոմակայանը կառուցված է առանց զսպիչ կոնտեյներների և սեյսմիկ գոտում է գտնվում։ ԱԷԿ-ը փակվել էր 1989 թվականին` ավերիչ երկրաշարժից հետո։ 2011 թվականին National Geographic-ը նույնիսկ ենթադրել էր, որ հնարավոր է` սա աշխարհի ամենավտանգավոր էլեկտրակայանն է», — գրում է պարբերականը։
Չնայած ռիսկերին, էլեկտրակայանը մինչև հիմա էլ բաց է, ու մարդիկ դեռ ապրում են գործարանի աշխատակիցների համար ստեղծված քաղաքում։
Լուսանկարիչ Ստեֆանո Մորելին ֆիքսել է Մեծամորի կյանքն ու «հին խորհրդային շենքների քաղաքում» ապրող մարդկանց։
Նրա խոսքով` քաղաքի կառույցները «կանգնած են կասկածների ու վախի, աղքատության ու գոյատևման, կյանքի ու մահվան արանքում»։