ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն ակտիվ աշխատում է իր ղեկավարած դրամատիկական թատրոնում, ներկայացման փորձերն անցկացվում են սովորական ռեժիմով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել դերասանի ընկերը` Արթուր Սողոմոնյանը։
«Արմեն Բորիսովիչը լիովին ներգրավվել է աշխատանքի մեջ։ ՆԵրկայացումներն ու փորձերն անցնում են հանգիստ, սովորական ռեժիմով»,- ասել է Սողոմոնյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջիգարխանյանը ֆինանսական սկանդալի պատճառով նոյեմբերի 9-ին պաշտոնապես կբաժանվի իր կնոջից` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից: Նաև հայտնի էր դարձել, որ Ցիմբալյուկը լքել է Ռուսաստանը: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն` Ջիգարխանյանի կինն իր մոր հետ փախել է Թբիլիսի, սակայն, ամենայն հավանականությամբ, երթուղին ավելի ուշ կփոխվի: Որոշ տեղեկությունների համաձայն` նա կարող է գնալ Կիև: Ցիմբալյուկը Ուկրաինայի քաղաքացիություն ունի:
Այժմ Ջիգարխանյանն ապրում է երեք սենյականոց վարձակալած բնակարանում, որը նրան օգնել են գտնել ընկերները:
Արմեն Ջիգարխանյանը և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան միասին ապրել են ավելի քան տասնհինգ տարի, բայց պաշտոնապես ամուսնացած են միայն մեկուկես տարի։
Հիշեցնենք, որ կնոջ հետ տեղի ունեցած կոնֆլիկտից հետո Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հայտնվել էր Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղ մնաց ավելի քան տասը օր: Հիվանդանոցում նա ասում էր, որ չգիտի, թե ուր է գնալու, քանի որ ամբողջ գույքը վերագրանցել է կնոջ անունով: Այժմ իրավապահ մարմինները հետաքննում են Ջիգարխանյանի անձնագրի գողության փաստը: