ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի- Sputnik. Հայտնի դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ձերբակալվել է, երբ փորձել է բացել Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանի դուռը, հաղորդում է dni.ru- ն:
«Սա Արմեն Բորիսովիչի կնոջ սեփականությունն է, Ջիգարխանյանն այդ բնակարանի հանդեպ ոչ մի իրավունք չունի: Նա իր ընկեր Արթուր Սողոմոնյանի հետ ուզել է բացել կողպեքները, կոտրել դուռը և ներս մտնել:
Կանչին արձագանքած ոստիկանները բռնել են դերասանին և չեն թողել, որ նա ներխուժի բնակարան», — ասել է դերասանի կնոջ մտերիմ ընկերուհին: Նրա խոսքով` Ջիգարխանյանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո մի քանի օր ապրել է թատրոնի իր գրասենյակում:
Հետո հայ ընկերները նրա համար Լոմոնոսովի պողոտայում երեք սենյականոց բնակարան են վարձել: Նախօրեին Ջիգարխանյանը փորձել է Մոսկվայի Մոլոդոգվարդեյսկայա փողոցում գտնվող բնակարան մտնել` որոշ իրեր վերցնելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջիգարխանյանը ֆինանսական սկանդալի պատճառով նոյեմբերի 9-ին կամուսնալուծվի իր կնոջ`Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից: Նաև հայտնի էր դարձել, որ Ցիմբալյուկը լքել է Ռուսաստանը: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն` Ջիգարխանյանի կինն իր մոր հետ փախել է Թբիլիսի, սակայն, ամենայն հավանականությամբ, երթուղին ավելի ուշ կփոխվի: Որոշ տեղեկությունների համաձայն` նա կարող է գնալ Կիև: Ցիմբալյուկը Ուկրաինայի քաղաքացիություն ունի:
Այժմ Ջիգարխանյանն ապրում է երեք սենյականոց վարձակալած բնակարանում, որը նրան օգնել են գտնել ընկերները:
Արմեն Ջիգրախանյանը և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան միասին ապրել են ավելի քան տասնհինգ տարի, բայց պաշտոնապես ամուսնացած են միայն մեկուկես տարի։
Հիշեցնենք, որ կնոջ հետ տեղի ունեցած կոնֆլիկտից հետո Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հայտնվել էր Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղ մնաց ավելի քան տասը օր: Հիվանդանոցում նա ասում էր, որ չգիտի, թե ուր է գնալու, քանի որ ամբողջ գույքը վերագրանցել է կնոջ անունով: Այժմ իրավապահ մարմինները հետաքննում են Ջիգարխանյանի անձնագրի գողության փաստը: