Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան
Թեհրանում նոյեմբերի 1-ին կկայանա Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Որոշ քաղաքական վերլուծաբաններ Պուտինի, Ռոհանիի և Ալիևի հանդիպումը հակված են անվանել «գագաթնաժողով»: Հավանաբար, նկատի ունեն այն հանգամանքը, որ այդ հանդիպումն արդեն երկրորդն է նման ձևաչափում անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում (առաջինը կայացել է Բաքվում անցյալ տարվա օգոստոսին):
Թեհրանում ամենաիսկական եռակողմ գագաթնաժողովն է անցկացվելու
Հարցերի շրջանակն էլ, որոնք պատրաստվում են քննարկել առաջնորդները, նույնն է, ինչ անցյալ անգամ: Կրկին քննարկվելու են հարցեր, որոնք առնչվում են երկրների գործակցությանը քաղաքականության, տնտեսության, մշակույթի ոլորտներում և տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարին: Ամենաիրական գագաթնաժողով:
Թեև հանդիպումը հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն եռակողմ ձևաչափի և քննարկումների տեսանկյունից, այլև նրանով, որ Թեհրանում կկայանան նաև Պուտինի և Ռոհանիի, Ալիևի և Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեի երկկողմ հանդիպումները:
Հենց այդ երկկողմ հանդիպումներն էլ առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում փորձագետների և քաղաքական վերլուծաբանների շրջանում: Չէ՞ որ, մեծ հաշվով, այն, ինչ խոսվելու է համատեղ եռակողմ բանակցությունների ընթացքում, կարելի է կանխատեսել հավանականության ավելի մեծ տոկոսով:
Հավանաբար, խոսվելու է Հարավ-Արևելյան Ասիա-Հյուսիսային Եվրոպա տրանսպորտային միջանցքի, ինչպես նաև նույն ուղղությամբ գազատարի նախագծի մասին: Հնարավոր է՝ խոսեն նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և անվտանգության խնդիրների մասին:
Դե, իսկ թե որքան կարևոր են լինելու Պուտինի երկկողմ ձևաչափով անցկացվող հանդիպումները, դեռ պետք է իմանալ, հավանաբար, սպասելով հանդիպումների արդյունքներով նախագահների ամփոփիչ մամուլի ասուլիսին:
Հայաստանին, իհարկե, առաջին հերթին Արցախն է հուզում
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք Թեհրանում կշոշափվի արցախյան հակամարտության թեման, հավանաբար, այդ հարցին դրական պատասխան է պետք տալ:
Գոնե, դատելով նրանից, որ այդ հանդիպման նախօրեին (հոկտեմբերի 30-ին) Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Քասեմին բարձրացրեց Արցախի հարցը և խոսեց հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության և Իրանի համար չափազանց կարևոր թեմայի՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման մասին: Եթե դրան ավելացնենք այն փաստը, որ Թեհրանում տեղի կունենա նաև Պուտին-Ալիև երկկողմ հանդիպումը, իսկ հաջորդ ամսվա սկզբին Ռուսաստան է մեկնելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ապա կարելի է համապատասխան եզրակացություններ անել:
Օրինակ, այն մասին, որ Ռուսաստանը հենց Իրանի հետ միասին է փորձում իր ազդեցությունն ընդլայնել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վրա: Հասկանալի է, որ հիմնական ծանրաբեռնվածությունն, այդ առումով, ընկնում է Ռուսաստան-Իրան-Իրաք-Սիրիա առանցքի վրա, սակայն Անդրկովկասի տարածաշրջանը նույնպես սիրիական հաղթողների տեսադաշտում է:
Հավանաբար, Քասեմիի հայտարարությունը՝ կապված արցախյան կարգավորման գործընթացում խաղաղության պահպանման անհրաժեշտության հետ, լուրջ ենթատեքստ ուներ, որը կապված էր, առաջին հերթին, նրա հետ, որ և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին տարածաշրջանում խաղաղությունն օդի պես անհրաժեշտ է: Չէ՞ որ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև մի կողմից, Ռուսաստանի և Իրանի միջև մյուս կողմից` Մերձավոր Արևելքում, կոնկրետ՝ Սիրիայում և Իրաքում առկա հակասությունների ձիգ կծիկը չափից շատ ջանքեր է պահանջելու:
Արևմուտքն, անշուշտ, կսրեր լարվածությունն արցախա-ադրբեջանական շփման գծում: Չէ՞ որ այդ ժամանակ և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը ստիպված կլինեին շեղել իրենց ուշադրությունը գլոբալ աշխարհաքաղաքական այն գործընթացներից, որոնք տեղի են ունենում Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով: Այդ պատճառով, կարծում եմ, որ արցախյան հակամարտության կողմերին որոշակի կոնկրետ քայլեր կառաջարկվեն, որպեսզի կանխվի հակամարտությունից առճակատման անցնելու վտանգը:
Համաշխարհային հանրությանն ավելի շատ մտահոգում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
Դե, դա հասկանալի է: Այն, ինչ տեղի է ունենում Իսրայելի հետ Սիրիա-Իրան համատեղ հակազդման ուղղությամբ, իսկապես, կարող է մտահոգել քաղաքականությունից թեկուզ մի փոքր հասկացող մարդկանց:
Ինքներդ դատեք: Իսրայելը, որը ոչ մի բանով չէր աջակցում Սիրիայի տարածքում միջազգային ահաբեկության դեմ պայքարին, հանկարծակի հայտնվեց աքցանի մեջ, քանի որ Սիրիայի տարածքում հաղթանակ տարան «Հեզբոլահն» ու իրանցի կամավորները: Եվ այժմ Իսրայելի և Իրանի միջև առկա 1200-կիլոմետրանոց տարածքը կտրուկ կրճատվեց մինչև տասնյակ կիլոմետրեր: Թել Ավիվը պնդում է, որ Իրանը պատրաստվում է ռազմակայաններ կառուցել Սիրիայի տարածքում, որին փրկել է Իսլամական պետությունից (ահաբեկչական խմբավորում, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում):
Իսրայելին, անտարակույս, կաջակցի ԱՄՆ-ն, իսկ Իրանին, բնականաբար՝ Ռուսաստանը: Չէ՞ որ միասին մարտնչել են ահաբեկչական Խալիֆատի դեմ, վտարել են ջիհադականներին երկրից և պաշտպանել Բաշար Ասադի օրինական կառավարությունը, իսկ հաղթողին, եթե ոչ ամեն ինչ է պատկանում, ապա, գոնե, որոշակի արտոնություններ, այնպես չէ՞: Այդ առումով, իրանցիներից պահանջել անհապաղ ազատել Իրաքի տարածքը նույն է, թե օդ կրակել ոչ մարտական փամփուշտներով:
Մյուս կողմից, պետքարտուղար Թիլերսոնը, որն այդպես սխալվել էր, ուրիշ ոչինչ հորինել չկարողացավ։ Երբ համատեղ գործում են Ռուսաստանն ու Իրանը, ապա, նույնիսկ, ԱՄՆ-ը մտածելու տեղիք ունի որևէ բան ձեռնարկելուց առաջ. առաջին հերթին մտածելու հենց այն մասին, թե ինչպես իրենց կդրսևորեն ահաբեկիչներին հաղթածները Սիրիայում ստեղծված իրավիճակում, և ինչի մասին է խոսելու Թեհրանում Պուտինը Ռոհանիի և այաթոլլա Ալի Համենեի հետ:
Թե ինչի մասին կպայմանավորվեն համաշխարհային և տարածաշրջանային գերտերությունների առաջնորդները, պարզ կլինի, հավանաբար, Թեհրանի հանդիպումներից հետո` մամուլի ասուլիսի ժամանակ կամ արդեն ավելի ուշ, երբ հնարավոր կլինի հետևել Թեհրանում հանդիպած կողմերի վարքագծի տրամաբանությանը: