ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի— Sputnik. 2018թ-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ֆինանսավորումը զգալիորեն կկրճատվի, այսօր խորհրդարանում հայտարարեց նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:
Ֆինանսավորման կրճատումը պայմանավորված է 2015թ-ի սահմանադրական բարեփոխումներով, որոնց համաձայն Հայաստանը պետական կառավարման նախագահական մոդելից անցում է կատարում խորհրդարանական մոդելի:
Նախագահական նստավայրն աստիճանաբար ձեռնամուխ կլինի փոփոխություններին, բայց մինչև 2018թ-ի ապրիլը դրանց բոլոր կարգադրությունները պետք է ընդունված լինեն:
Սերժ Սարգսյանի իրավահաջորդը կշարունակի լինել պետության ղեկավարը: Բայց Սահմանադրության այդ ձևակերպումը շատ առումներով անվանական կդառնա. գործադիր իշխանությունը լիովին կանցնի կառավարությանը, իսկ ընդունված օրինագծերը նախագահը կկարողանա վիճարկել միայն Սահմանադրական դատարանում:
2018թ-ի պետբյուջեի նախագծի լսումներում Գևորգյանը նշեց, որ Տեղեկատվական ՊՈԱԿ-ի գործունեության հիմնախնդիրները, Պետական կառավարման ակադեմիայի հետ իրականացվող 2 ծրագրերն անցնելու են կառավարության տիրույթ:
Նույն ճակատագրին կարժանանան իմիջային լիազորությունները` ազգային փոքրամասնությունների և ՀԿ-ների աջակցությունը:
Մնացած փոփոխությունները կքննարկվեն առաջիկա ամիսներին: Նախագահի աշխատակազմում 410 հոգուց մնացել է 330 մարդ, արդյունքում պետք է մնա 180-220 ծառայող:
Որքան քիչ լինեն մարդիկ, այնքան քիչ կլինեն գործուղումները. պետության ղեկավարի աշխատակազմում այդ ծախսերը 627 միլիոն դրամից կկրճատվեն մինչև 390 միլիոն դրամի: Փոխարենը դրանք կաճեն խորհրդարանի համար՝ 350 միլիոն դրամից դառնալով 650,7 միլիոն դրամ: «Խորհրդարանական հանրապետությունը ենթադրում է պատգամավորների նոր պարտավորություններ արտասահմանյան գործընկերների հետ»,– պարզաբանեց խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը:
Իսկ ահա Հայաստանի կառավարությունը գործուղումներում հաստատ կտնտեսի. կտեղավորվի նախկին 48 միլիոն դրամի սահմաններում: