ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Տարբեր ժամանակներում մամուլը գրում էր, որ Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը հավակնում է ՀՀ նախագահի կամ ոստիկանապետի պաշտոնին։
Այսօր, ի պատասխան լրագրողների հարցին, թե՝ մամուլում առկա են տեղեկություններ, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը հիմա էլ ՀՀ փոխվարչապետ դառնալու հավակնություններ ունի, արդյո՞ք այդպես է, Վարդանյանն ասաց, որ նման մտադրություն չունի:
«Մամուլը շատ բան կարող է գրել։ Նման հարց իմ մտքում չի էլ եղել, բայց ես ձեզ երաշխավորում եմ, աշխարհը պտտվում է, և ոչ մի բան մի բացառեք»,– ասաց ՀՅԴ-ական պատգամավորը:
Հիշեցնենք, 2018թ. ապրիլի 9-ին, կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո, ՀՀ նոր Սահմանադրության համաձայն՝ Հայաստանը ներկա մեկի փոխարեն ունենալու է 3 փոխվարչապետ: