ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Հայուհուն խաբած գնչուհուն 10 տարվա ազատազրկում է սպառնում։ Այս մասին հայտնում է Չելյաբինսկի «Առաջին մարզային» կայքը։
Դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերին։ Գնչուհին հայտնել է, որ հայ կնոջն «աչքով են տվել», ու դա վերացնելու համար «կախարդանքի» մի քանի սեանս ու խոշոր գումար է անհրաժեշտ։
Վախեցած հայուհին համաձայնել է նրա առաջարկին։ Միաժամանակ գնչուհին իմացել է, որ էքստրասենսի ունակություններ չունի և չի կարող օգնել կնոջը։
Մի քանի հանդիպումից հետո միամիտ հայուհին նրան է տվել երկու հեռախոս (ընդհանուր` 45 հազար ռուբլի արժողությամբ), մոտ 1 կիլոգրամ ոսկյա զարդեր (ընդհանուր` 1 միլիոն 925 հազար 490 ռուբլի արժողությամբ)։
«Խաբեության զոհ դարձած կինը գնչուհուն է փոխանցել 5.1 միլիոն ռուբլի, որը վերցրել է տնից` առանց հարազատներին զգուշացնելու»,- կայքին է պատմել մարզային դատախազի օգնական Նատալյա Մամաևան։
Թուղթուգիրը վերացնելու համար գնչուհին կորզել է ընդհանուր առմամբ 7 միլիոն ռուբլի։ Պարբերականի տվյալով` նա այդ գումարով տուն է կառուցել։
Այս պահին Չելյաբինսկի դատարանը հաստատել է մեղադրական եզրակացությունը։ Քրեական գործն ուղարկվել է դատարան։