ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. 2018թ-ին օրենսդրական փոփոխությունների արդյունքում բյուջեի լրացուցիչ եկամուտները կկազմեն 10 մլրդ դրամ, այսօր ԱԺ-ում, ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի կանխատեսումները, ասաց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: «Ծառուկյան» դաշինքի անդամ Միքայել Մելքումյանին այս թիվն արժանահավատ չթվաց:
«Ես 10 միլիարդն արժանահավատ չեմ համարում»,- հայտարարեց պատգամավորը:
Նրա գործընկեր Սերգեյ Բագրատյանն էլ հավելեց. «Արդյո՞ք չկա հնարավորություն ապահովելու 1,5 տրիլիոն եկամուտ։ Հիմնական հարկերը գոյանում են մենաշնորհված ուղղություններից, եթե դա ձեր հնարավորությունների սահմանում է, կառավարությունը մենաշնորհներ է տրամադրում, ինչո՞ւ այդ մենաշնորհատերերին չեք բացատրում ու ստիպում, որպեսզի ռեալ 1,5 տրիլիոն բյուջե ունենանք»:
Բագրատյանը նաև կոնկրետ օրինակներ բերեց: Օրինակ` վառելիքի շուկայում, նրա խոսքով, կան երեք խոշոր ընկերություն, որոնք նույն վառելիքը վաճառում են նույն գնով:
«Նման մրցակցություն տեսե՞լ եք, որ մարդիկ մրցակցեն, բայց մի դրամ գին չիջեցնեն»,- ասաց պատգամավորը:
Բագրատյանը թվարկեց նաև տնտեսության այլ մոնոպոլիզացված ճյուղեր՝ սպիրտ, խմիչք, հացահատիկ:
«Ինչու՞ չեք կանչում մենաշնորհի տերերին և ասում, որ ձեր շահույթն այս տարի պետք է նվազի, որպեսզի կարողանանք ունենալ 1,5 տրիլիոնանոց բյուջե։ Պարտադիր չէ, որ նրանք ամեն տարի հարյուր միլիոնավոր շահույթ ունենան, ժամանակն է, որ եթե չեն հարմարվում խաղի կանոններին, վերացնեք այդ մենաշնորհները»,- ասաց նա:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն, արձագանքելով պատգամավորի դիտարկմանը, նշեց, որ համաձայն տնտեսագիտության օրենքների, եթե կան սահմանափակ թվով խաղացողներ, գները կարող են նույնը լինել, բայց մարդիկ իրար հետ մրցեն ծավալներով:
Բանավեճին միջամտեց նաև Միքայել Մելքումյանը և հայտարարեց` հանրությունը պետք է վստահ լինի, որ մենաշնորհները կամ օլիգոպոլիաները մեր երկրում կարգավորվում են ոչ քաղաքական որոշումների կամ քաղաքական մահակի միջոցով:
«Երբ հասկանանք,որ քաղաքական կարգավորում չկա ներկրումների ամբողջ համակարգում, այլևս տնտեսագիտական կանոններ էլ պետք չեն լինի, գներն իրենք իրենց կկարգավորվեն»,- իշխանության ներկայացուցչի ու պատգամավորի վեճը եզրափակեց Մելքումյանը:
Բարձր ամբիոններից բազմիցս հայտարարվել է՝ ցանկացած ապրանք ցանկացած անձ կարող է ներմուծել: Պատգամավորներին արձագանքեց ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ սահմանափակ խաղացողներով շուկաները հատուկ են Հայաստանի պես փոքր երկրներին: