Խաչիկ Չախոյան, Sputnik.
Գյումրիում կայացած «Ալաշկերտ»-«Շիրակ» հանդիպման ավարտից հետո երկրպագուները չեն կարողացել զսպել կրքերը և հարձակվել են ալաշկերտցիների գլխավոր մարզչի վրա։ Տեսախցիկներն արձանագրել են բախումը, բայց տեսանյութից դժվար է կռահել` ով է հրահրողը։
Երևանի «Ալաշկերտ» ակումբի մարզիչ Աբրահամ Խաշմանյանը պատմեց, որ խաղի ամբողջ ընթացքում իր հասցեին վիրավորանքներ են հնչեցրել Գյումրու թիմի երկրպագուները։ Եզրափակիչ սուլոցից հետո մարզիչը շարժվել է տրիբունայի կողմ, որտեղից նրա ուղղությամբ քարեր ու մետաղադրամներ են նետել։
Խաշմանյանը նշեց, որ երկրպագուներից ոմանք կարողացել են շրջանցել ոստիկաններին և հայտնվել խաղադաշտի մոտ։ Հայհոյող երկրպագուներից մեկի հետ լեզվակռիվ է սկսվել, հետո երբ ոստիկաները բաժանել են նրանց, «Շիրակ» ակումբի աշխատակիցներից մեկը հարվածել է Խաշմանյանին։ Ոստիկանությունը շատ արագ կարողացել է հարթել միջադեպը ։
«Շիրակ» ակումբի մամուլի ծառայությունը միջադեպն այլ կերպ է մեկնաբանում։
«Նախևառաջ ամեն ինչ սկսել է նրանից, որ Խաշմանյանը ոչ նորմալ ժեստով է տոնել իր թիմի խփած գնդակը, իսկ երկրպագուները դա վերագրել են իրենց ու սկսել են հայհոյել Խաշմանյանին, իսկ քարերի և մետաղադրամների նետում չի գրանցվել։ Ոստիկանները վերահսկել են իրավիճակը»,- հայտնել են ակումբից։
Մամուլի ծառայությունից հաստատում են, որ շիրակցիներից մեկը հարվածել է Խաշմանյանին, բայց նաև նշում են` հարվածել է, որովհետև Խաշմանյանը հայհոյանքներով է պատասխանել երկրպագուներին։
Խաշմանյանը 2015 թվականին արդեն նման միջադեպի մեջ հայտնվել էր։ Նա` որպես «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, «Գանձասարի» հետ արտագնա խաղում վիճաբանության մեջ էր մտել «Գանձասարի» մարզչի և խաղացողերի հետ, ինչի հետևանքով որակազրկվել էր 10 խաղով։
Թե պատժի ինչ միջոց կիրառվի երեկվա միջադեպից հետո, պարզ կդառնա Ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստից հետո։