ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Սամցխե-Ջավախքի գյուղերում շատ են խառն ամուսնությունները: Եթե նախկինում դուխոբորները կնության էին առնում միայն յուրայիններին, ապա այսօր այլ պատկեր է. հայ ջիգիթները գրեթե բոլոր ռուս աղջիկներին «փախցրել» են, Sputnik Գրուզիային է պատմել Տամբովի գյուղի վերջին դուխոբոր Լյուբով Ռիլկովան:
«Նախկինում դուխոբորներն ամուսնանում էին միայն յուրայինների հետ: Ավելի ուշ, երբ հայերը եկան գյուղ, ամեն ինչ փոխվեց: Խառն ամուսնություններ գրանցվեցին: Հայերն «առևանգում էին» հարսնացուներին և ամուսնանում ռուսների հետ», — ասել է Ռիլկովան:
Լյուբով Ռիլկովայի երկրորդ ամուսինը էթնիկ հայ է, բայց երբ դուստրը որոշեց հայի հետ ամուսնանալ, մայրն ընդդիմացավ։ Դստերը փախցրին, ստիպված համակերպվեց:
Հին գերեզմանատունը վկայում է, որ գյուղում դուխոբոր գրեթե չի մնացել, և համայնքն ամբողջությամբ հայերով է բնակեցված: Գերեզմանները գրեթե չեն երևում. տեղ-տեղ առանձին տապանաքարեր են ցցված:
«Պետությունը գումար հատկացրեց, և հայկական գերեզմանատունը պարսպով անջատվեց։ Այնտեղ ամեն ինչ կոկիկ է։ Մեր գերեզմանատան համար գումարը չհերիքեց», — ասել է Լյուբովը:
Նույն իրավիճակն է նաև Ջավախքի մեկ այլ գյուղում` Գորելովկայում, որը հնուց ի վեր Դուխոբորների կենտրոն է համարվել։ Այստեղ ամենահայտնի վայրը «Ռոմիկի մոտ» կոչվող խանութն է:
Այսօր գյուղը բնակեցված է հայերով, բայց դա չի խանգարում տեղի դուխոբորներին և հայերին խաղաղ ապրել կողք կողքի: Հայերն իրենց հերթին դուխոբորներին համարում են բարի և պատրաստակամ մարդիկ, որոնք կարող են ցանկացած պահի օգնության հասնել:
Սակայն այստեղ էլ, ինչպես և ամբողջ տարածաշրջանում, ժողովրդագրության հետ կապված խնդիրներ կան. երիտասարդներն աշխատանք չունենալու պատճառով հարբեցող են դառնում, առավել ճարպիկները մեկնում են գյուղից:
«Այստեղ երիտասարդները կա՛մ հարբեցող են, կա՛մ ծխող: Ես չէի ուզում այդպիսին դառնալ ու Մոսկվա մեկնեցի։ Բաղնիքում մենեջեր էի աշխատում, միևնույն ժամանակ զբաղվում էի շինարարությամբ», — Sputnik Գրուզիայի թղթակցի հետ զրույցում պատմել է գյուղի բնակիչներից մեկը, որն էթնիկ հայ է:
Դուխոբորներն այս տարածաշրջանում հայտնվել են 150 տարի առաջ, որպես աքսորվածներ: Նիկոլայ I կայսրը ուղղափառությունից հրաժարված այս հին ռուսական աղանդի գրեթե հինգ հազար անդամի կայսրության տարբեր շրջաններ էր աքսորել:
Ռուսական 9 գյուղը տեղացիները «Դուխոբորիա» էին անվանում:
Այդ երկիրը չկար քարտեզի վրա` դուխոբորների համայնքը փակ էր ապրում, պահպանում էին իրենց կրոնը, հարևան հայերի և վրացիների հետ չէին խառնվում:
1989 թվականի մայիսին վրացական կառավարությունը Բոգդանովկայի շրջանի հայերի միջև անջատողականությունը կանխելու նպատակով որոշեց այնտեղ տեղափոխել մոտ հազար աջար մուսուլմանի, որոնք տուժել էին սելավից: Դուխոբորներն իրենց գյուղերում չէին ուզում տեսնել ո՛չ հայերի, ո՛չ վրացիների, քանի որ նրանք «յուրայիններ» չէին: