ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik: Հայազգի հայտնի ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին Իսրայելի Նևե- Շալոմ գյուղի «Խաղաղության առաքյալների» պուրակում տնկվել է ձիթենի, հայտնում է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ հայր Հովնան Բաղդասարյանը:
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինն Ազնավուրին հանձնեց Ռաուլ Վալլենբերգի մեդալը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հրեաների փրկության համար: Շանսոնյեն հանդիպակաց հարց տվեց, թե՝ «ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը»:
«Ազնավուրի պատվին տնկված ձիթենու ծառը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հրեաների փրկության համար»,- գրել է Հովնան Բաղդասարյանն իր Facebook-ում:
Միջոցառմանը ներկա էին Ազնավուրը և նրա որդին՝ Նիկոլյան: Նևե-Շալոմը համարվում է խաղաղության խորհրդանիշ Իսրայելի հողում, որտեղ կողք կողքի են ապրում իսրայելացի արաբներն ու հրեաները:
Երկու տարի առաջ հայտնի իսրայելացի պատմաբան և ցեղասպանագետ Յաիր Օրոնը գիրք նվիրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների փրկության համար Ազնավուրի ընտանիքի ներդրմանը:
Այսօր Թել Ավիվում Ազնավուրը համերգ կտա Իսրայելի ամենախոշոր սրահներից մեկում, որն ունի հինգ հազար նստատեղ:
Վերջին անգամ Ազնավուրը Իսրայելում էր 2014 թվականին: Այն ժամանակ շանսոնյեն ուղեկցում էր իր հրեա թոռանն անցնելու բար-միցվայի արարողությունը (նշանակում է հրեա տղայի կամ աղջկա կրոնական չափահասություն. խմբ.) Ողբի Պատի մոտ: