ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Տավուշի սարերում հայտնաբերված սպիտակագլուխ անգղը բերվել է Երևանի կենդանաբանական այգի, որտեղ մասնագետներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և հայտնել, որ թռչունը դժվար թե կարողանա թռչել։ Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Երևան բերված թռչնի զննության, այդ թվում ռենտգեն ախտորոշման արդյունքում պարզվել է, որ թռչունն ունի աջ թևի կոտրվածքներ, այդ վիճում գտնվել է մոտ 20 օր, ինչը դարձել է հյուծվածության պատճառ, նախնական տվյալներով` հրազենային վնասվածքներ առկա չեն:
«Այս պահին թռչնի առողջական վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, սակայն մասնագետների փոխանցմամբ, նման կոտրվածքների դեպքում թռչելու հավանականությունը, ցավոք, զրոյական է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ՀՀ Տավուշի մարզի Ներքին կարմիր աղբյուր գյուղի բնակիչ ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակից Ա.Առաքելյանը հոկտեմբերի 25-ին զանգահարել է ՀՀ բնապահպանության նախարարություն և տեղեկացրել, որ սարամասում հայտնաբերել է սպիտակագլուխ անգղ՝ տկար վիճակում, թռչելու անընդունակ, ապա տեղափոխել իր բնակարան:
Խնդիրը ներկայացվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշե Տերտերյանին, որն անմիջապես հանձնարարել է ՀՀ Տավուշի տարածքային բաժնի պետին անհապաղ ծանոթանալ իրավիճակին և թռչնին տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի` անհրաժեշտ անասնաբուժական օգնություն ստանալու:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի պետը, ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների հետ կատարելով Կենդանաբանական այգու համապատասխան մասնագետների ցուցումները, սպիտակագլուխ անգղին հոկտեմբերի 25-ին ուշ երեկոյան տեղափոխել է Երևանի կենդանաբանական այգի, որտեղ մասնագիտացված կլինիկայում տեղի և արտասահմանյան մասնագետներն անգղին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: