ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի—Sputnik. Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի ղեկավարության ներքո գտնվող Մոսկվայի դրամատիկական թատրոնը հարձակման է ենթարկվել։ Դերասանին փակել են գրասենյակում և թողել առանց հեռախոսակապի, հայտնում է «360» հեռուստաալիքը։
«Հայկական խմբավորումը զավթել է հաշվապահությունը։ Դեղերի ազդեցության տակ գտնվող Արմեն Բորիսովիչը փակված է իր գրասենյակում առանց հեռախոսակապի հնարավորության», – հայտնում է պարբերականը` հղում անելով Էլինա Մազուրին (Ջիգարխանյանի կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի ներկայացուցիչ)։
Ստացված տեղեկատվության համաձայն` որոշ մարդիկ փորձում են բռնազավթել Ջիգարխանյանի թատրոնը։ Դրա պատճառով մի շարք աշխատակիցներ, այդ թվում դերասաններ, աշխատանքից հեռանալու դիմում են ներկայացրել։
Լուրը հաստատել է dni.ru–ն և թատրոնի մամուլի քարտուղար Նատալյա Կորնեևան։
«Այժմ թատրոնը հարձակման է ենթարկվել։ Անհայտ անձինք են այս ու այն կողմ գնում, փաստաթղթեր թալանում։ Ժամանակ առ ժամանակ բերում ու տանում են Ջիգարխանյանին։ Թատրոնի աշխատակիցները սպառնալիքներ են ստանում, իսկ ես, ընդհանրապես, հայտնվել եմ թիրախում Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» ծրագրին մասնակցելու համար»,– ասել է Կորնեևան։