ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 25-ին Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կքննարկվեն ներքին շուկաների գործունեությանը, առևտրին, ագրոարդյունաբերությանը, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցեր:
Նիստին մասնակցում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
ԵԱՏՄ վարչապետները քննարկելու են նաև ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում նախաձեռնությունների մշակման կարգը, ԵԱՏՄ ներքին շուկայում 2018-2019 թվականներին սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը (ճանապարհային քարտեզը)։
Նիստի մասնակիցները կանդրադառնան ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակում տեղեկատվության փոխանակման համակարգի ձևավորմանն առնչվող հարցերին։ Օրակարգային թեմաներից է նաև 2018-2020 թվականներին ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման փուլերի և հիմնական ուղղությունների միջոցառումների ծրագրի քննարկումը։ Կհայտարարվեն ԵԱՏՄ այն երկրները, որտեղ 2018-2020 թվականներին նախատեսվում է անցկացնել ավանդական «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովը։
Ղրղըզստանում կադրային փոփոխություններով պայմանավորված՝ ԵԱՏՀ խորհրդի նիստում նախատեսվում է հաստատել երկրի նոր ներկայացուցչի թեկնածությունը։ Կորոշվի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստի անցկացման վայրը: