ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Տարկետման իրավունքի վերացում ենթադրող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի» նախագծի դեմ բողոքող ուսանողներն այս պահին ՀՀ ԱԺ–ի մուտքի մոտ են։
Ուսանողական շարժման մասնակիցները լքել են բուհական նստարանները, դասադուլ հայտարարել, երթով հասել ԱԺ և ակնկալում են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպում։
Նախաձեռնության անդամներից երկուսին հնարավորություն է տրվեց մտնել խորհրդարան, որտեղից վերջիններն իրենց կուրսընկերներին հայտնեցին, որ ԱԺ նիստի ընդմիջմանը Վիգեն Սարգսյանը կհանդիպի ուսանողների հետ։
«Ելք » խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ԱԺ դահլիճում հայտարարեց, որ այն պահին, երբ խորհրդարանը քննարկում է տարկետման իրավունքը վերացնելու հարցը, ուսանողներն արդեն ԱԺ–ի մուտքի մոտ բողոքում են այդ նախաձեռնության դեմ։
Ուսանողական բողոքի երթը մեկնարկել էր վաղ առավոտյան ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի (սև շենք) բակից, որտեղ հավաքված ուսանողները «դասադուլ» վանկարկելով իրենց հասակակիցներին կոչ էին անուն միանալ «Հանուն գիտության զարգացման» և ընդդեմ ՊՆ առաջարկած օրինագծի սկսված շարժմանը։
Համալսարանի բակում երթին միացել են նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողները, որից հետո երթն ուղղվել է դեպի Բաղրամյան պողոտա։
Հիշեցնենք` ՀՀ կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի» նախագծով նախատեսվում է վերացնել ՀՀ պետական բուհերի պետպատվեր համակարգում սովորող ուսանողների համար գործող օրենքով նախատեսված տարկետման իրավունքը։ Կառավարության հիմնավորմամբ` այս քայլը միտված է վերացնելու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։
Օրինագիծն ԱԺ–ում քննարկվում է առաջին ընթերցմամբ։