ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը դարձել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի դափնեկիր։ Այս մասին հայտնում է ԱՊՀ երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՄՄՀ) մամուլի ծառայությունը:
Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են։
Գրել է «Ձյունե թագուհին» (ըստ Հանս Քրիստիան Անդերսենի, 1988, բեմադրություն՝ 1990) բալետը, սիմֆոնիկ երկեր՝ «Պարտիտ» (1965), «Պրելյուդներ» (1975), «Գիշերային երաժշտություն» (1980), կոնցերտներ՝ թավջութակի և նվագախմբի (1976, 1981, 1983), երգեհոնի և լարային նվագախմբի (1964), ջութակի և լարային նվագախմբի (1981), ալտի և կամերային նվագախմբի (1995), «Արվեստ Քերթության» երգչախմբի համար, կամերային երկեր՝ «Թովեմ» (15 մենակատարի համար, 1979), լարային կվարտետներ, 5 բագատել դաշնամուրային տրիոյի համար (1985), սոնատներ, վոկալ-կամերային մադիիգալների շարք, «Հավատով խոստովանիմ» (ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ներսես Շնորհալու, 1999), վոկալ շարքեր՝ «4 հայրեն Նահապետ Քուչակից»(1967), «Մայրամուտի երգեր» (խոսք՝ Համո Սահյանի, 37 1983), «Երկիր Նաիրի» (խոսք՝ Վահան Տերյանի, 1984), «Գարնան երգեր» (խոսք՝ Հովհաննես Թումանյանի, 1993), խմբերգեր, կինոնկարների (Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն») և թատերական («Ջոն արքա», «Հացավան», «Մեծ լռություն» և այլն) երաժշտություն։
Նա ստացել է ՀՀ պետական մրցանակ, Արամ Խաչատրյանի անվան մրցանակ, պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, Հայաստանի Հանրապետության պատվո շքանշանով և պետական ու հասարակական այլ մրցանակներով:
«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակը տրվում է մշակույթի և արվեստի ոլորտում խոշոր ներդրման համար, որոնք նպաստում են ԱՊՀ տարածքում մշակույթի և մշակութային ժառանգության բնագավառում համագործակցության զարգացմանը: