ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամը (IRWF) որոշել է Ռաուլ Վալենբերգի անվան մեդալ շնորհել աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրին ու նրա քրոջը՝ Աիդա Ազնավուրին: Այս մասին հայտնում է Asbarez-ը։
«Այս հեղինակավոր մրցանակը հարգանքի տուրք է Ազնավուր ընտանիքին՝ ընտանիքի հորը՝ Միշային, մորը՝ Քնարին, և նրանց 2 զավակին, որոնք Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ֆրանսիայում օգնել են ֆաշիստներից հալածվողներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ազնավուրների ընտանիքը մտերիմ է եղել Միսաք Մանուշյանի դիմադրության խմբի անդամների հետ ու, վտանգելով կյանքը, իր փարիզյան բնակարանում ապաստան է առաջարկել հրեաներին և այլ ազգերի ներկայացուցիչներին:
Համերաշխության ու քաղաքացիական քաջության մասին այս պատմությունը Շառլ Ազնավուրը փոխանցել է Հոլոքոստի և ցեղասպանության հարցերի մասնագետ, հրեա պրոֆեսոր Յաիր Արոնին:
Վալենբերգի անվան մեդալի շնորհման արարողությունը կկայանա հոկտեմբերի 26-ին՝ Իսրայելի նախագահի նստավայրում:
Ազնավուրին կուղեկցի որդին՝ Նիկոլասը։ Աիդա Ազնավուրը չի կարողանա ներկա լինել արարողությանը: