ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Խորհրդային կինոյի աստղ Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է, բայց իրեն լավ է զգում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են 57-րդ հիվանդանոցից։
«Դերասանի ինքնազգացողությունը լավ է, մարմնի ջերմաստիճանը` նորմալ` 36.4 աստիճան, վիճակը` միջին ծանրության»,- նշել են հիվանդանոցից։
Նշենք, որ Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ից գտնվում է Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում։ Հայտնի է, որ 82-ամյա դերասանը պատրաստվում է բաժանվել 38-ամյա կնոջից։ Այդ փաստը հաստատել է նաև Ջիգարխանյանի ընկերը` Արթուր Սողոմոնյանը` շեշտելով, որ Ջիգարխանյանի ամբողջ ունեցվածքը կնոջ անունով է գրանցված։
Ամուսնալուծությունից հետո Ջիգարխանյանին հոսպի՞ս է սպառնում
Ավելի վաղ Ջիգարխանյանը հաղորդավար Անդրեյ Մալախովի հետ զրույցում ասել էր. «Ես պատրաստ չեմ ներել նրան ու այսօր «ո՛չ» եմ ասում նրան: Վճռական «ոչ» եմ ասում։ Ավելի կոպիտ ասեմ՝ նա իրեն ստորաբար պահեց, նա գող է, ոչ թե մարդ»։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում: Թատրոնում և կինոյում մարմնավորած կերպարների թիվը հասնում է 250-ի: Նրա խաղացած ամենահայտնի ֆիլմերից են «Բարև, ես եմ», «Ճայը», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը», «Մրցանակ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Թեհրան-43», «Նիկոլո Պագանինի», «Անձնագիրը», «Արքայասպանը»։