ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. ՖԻՖԱ–ի 2017 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, լավագույն խաղացող` պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
ՖԻՖԱ–ի վարկածով՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունն անցկացվեց Լոնդոնում հոկտեմբերի 23-ին։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես մասնակցել են քվեարկությանը:Նրանք քվեարկել են Ռոնալդուի և Զիդանի օգտին։
Սա Ռոնալդուի անընդմեջ երկրորդ մրցանակն է, նա անցել է արգենտինացի Լիոնել Մեսիին և բրազիլացի Նեյմարին։ Մրցանակը հանձնեցին «բրազիլացի» Ռոնալդուն և Դիեգո Մարադոնան։
Լավագույն դարպասապահ ճանաչվեց իտալացի Ջանլուիջի Բուֆոնը։
Աշխարհի խորհրդանշական հավաքականի կազմը համալրեցին պաշտպաններ Մարսելոն, Դանի Ալվեսը, Լեոնարդո Բոնուչին, Սերխիո Ռամոսը, կիսապաշտպաններ` Թոնի Կրոսը, Լուկա Մոդրիչը, Անդրես Ինյեստան։ Հարձակվողներից` Ռոնալդուն, Մեսին և Նեյմարը։
Բացի այդ կանանց թվում լավագույն խաղացող դարձավ հոլանդացի կիսապաշտպան Լիկե Մարտենսը։