ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Նինա Մոզերը «Ռ-Սպորտին» տված հարցազրույցում նկարագրել է, թե ինչպես է խորհրդային տարիներին գրեթե առևանգվել Երևանում:
«Ես երիտասարդ էի, նիհարիկ և շատ գեղեցիկ: Եկել էի Ծաղկաձոր հավաքի: ԽՍՀՄ թիմի համար էքսկուրսիա կազմակերպվեց Երևանում: Լենինգրադի մարզիչներից մեկն ասաց. «Նին, արի մնանք քաղաքում, ես պետք է կոշիկներ գնեմ փեսացուիս համար»: «Լսիր, մենք շիկահեր ենք, իսկ դա Երևանում վտանգավոր է», — պատասխանեցի ես: «Ինձ մենակ կթողնե՞ս», — պնդեց նա: «Չեմ թողնի, Լարիս,- ասացի,- բայց զգուշացնում եմ քեզ, որ կարող են վատ հետևանքներ լինել»: Համոզեց»,- պատմել է Մոզերը:
Սակայն հենց հավաքականի ավտոբուսը հեռացել է, սկսել է աղջիկների վազքը հայկական մայրաքաղաքում:
«Փախչում էինք կա՛մ մեկից, կա՛մ մյուսից: Տաքսի բռնեցինք, նստեցինք ու պահանջեցինք. «Ծաղկաձո՜ր»: Տաքսիստը, ինչպես դա միշտ լինում է, զրուցասեր էր: Պատմեցինք մեր պատմությունը: «Ա՛յ, ա՛յ, ա՛յ, ինչ վատն են տղամարդիկ»,- ղեկը պտտելով ասաց նա:- «Իսկ դուք ո՞ւր էիք փախչում»: «Փորձում ենք մարզաբազա վերադառնալ», — պատմեցինք մենք՝ ձեռքներիս Լարիսայի փեսացուի կոշիկները սեղմելով: «Այ, ինչ վատն են»,- գլուխը մի կողմից մյուսը պտտեց վարորդը, և 15 րոպեից ես հասկացա, որ նա մեզ ուրիշ ուղղությամբ է տանում. առջևում սարեր, գյուղեր էին, քանի գնում, քաղաքակրթությունն աստիճանաբար անհետանում էր», — պատմել է մարզիչը:
Բարեբախտաբար, ամենակարևոր պահին աղջիկը կարողացել է գտնել ճիշտ խոսքեր, որ «մարդը կանգնի և մտածի»: