Անի Լիպարիտյան, Sputnik.
Այդ մարզիկներից յուրաքանչյուրը Հայաստանի հպարտությունն է: Նրանք հաճախ սարսափեցնում են մրցակիցներին, բայց առավել հաճախ՝ հիացնում երկրպագուներին:
Sputnik Արմենիան ներկայացնում է այն մարզիկների լավագույն հնգյակը, որոնց ելույթները ոչ միայն արդյունք են ապահովում, այլև հիանալի շոու ներկայացնում:
Արթուր Ալեքսանյան
25-ամյա (հոկտեմբերի 21-ին կդառնա 26 տարեկան) հունահռոմեական ոճի ըմբիշը ճանաչվել է ամենատիտղոսավոր մարզիկն այս ոճում: Արթուրը ծնունդով Գյումրիից է, ծնվել է սպորտային ընտանիքում: Ապագա օլիմպիական չեմպիոնի մարզիչը նրա հայրն էր` ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը:
Արթուրն իր առաջին հաղթանակը տարավ 2010 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ` նվաճելով արծաթ: 2012-2015 թվականներին նա հինգ անգամ պարգևատրվեց հաղթողի ոսկե մեդալով` հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում:
2016 թվականի Ռիոյի Օլիմպիադայում Արթուր Ալեքսանյանը հանդես եկավ իր համար սովորական՝ մինչև 98 կգ քաշայինների կարգում: Այս անգամ նա ոսկի նվաճեց` դառնալով ամբողջ աշխարհի հայերի հպարտության առարկան:
Հենրիխ Մխիթարյան
Հենրիխը հայտնի հայ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ոսրդին է, ծնվել է Երևանում: Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը յոթ տարեկան էր, երբ հայրը մահացավ ծանր հիվանդությունից:
Գերմանական պարբերականներից մեկին տված հարցազրույցում նա նշել է, որ ֆուտբոլ է խաղում հանուն հոր, որը միշտ ցանկացել է, որ որդին ֆուտբոլիստ դառնա:
Հենրիխը տարբերվում է ոչ միայն իր լավ մարզական պատրաստվածությամբ, նա նաև մի քանի լեզուների է տիրապետում` անգլերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, ռուսերեն և հայերեն:
Մխիթարյանին, իրավամբ, անվանում են Հայաստանի հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուն:
Միհրան Հարությունյան
Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը ծնվել է Էջմիածնում, 4 տարեկանում ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա: Այստեղ նա ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ սկսել է զբաղվել ըմշամարտով:
2011 թվականին Միհրանը դարձել է Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր և Իսպանիայում ու Շվեդիայում կազմակերպած միջազգային մրցաշարերի հաղթող:
2012 թվականին արժանացել է Ռուսաստանի չեմպիոնի կոչման: Անկախ գրանցած հաջողություններից, Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը Միհրան Հարությունյանին հնարավորություն չտվեց մասնակցելու չորս մրցումներից և ոչ մեկին, որտեղ խաղարկվում էին Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրերը:
2016 թվականին Միհրանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեց Ռիոյի Օլիմպիական խաղերին, որի ժամանակ մրցավարի անհասկանալի որոշման պատճառով սերբ ըմբիշ Դավոր Շտեֆանեկի հետ մենամարտում նա պարտվեց: Հայ ըմբիշը չկարողացավ զսպել արցունքները, իսկ ավելի ուշ հայտարարեց, որ սպորտն այլևս նրան հետաքրքիր չէ: Թեև ամբողջ աշխարհն ականատես դարձավ, որ մրցավարը անարդարացիորեն զրկեց Միհրանին ոսկուց:
Այժմ ըմբիշը ժամանակը նվիրել է ընտանիքին, վերջերս նա ամուսնացավ աբխազ պարուհի Մակտինա Բեբիայի հետ:
Արսեն Ջուլֆալակյան
Արսեն Ջուլֆալակյանը ծնվել է Գյումրիում, հայտնի խորհրդային ըմբիշ, Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ընտանիքում: Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 11 տարեկանից:
2004 թվականին նա Եվրոպայի լավագույն պատանի մարզիկ է ճանաչվել: 2007 թվականին դարձել աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող:
Հայ ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն առաջին անգամ Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո մասնակցեց միջազգային մրցաշարի և առաջին տեղը զբաղեցրեց օլիմպիական չեմպիոն Քրիստիան Պալուսալուին նվիրված հուշամրցաշարի ժամանակ: Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը երեք մրցապայքար է ունեցել` երեք վաղաժամ հաղթանակ տանելով, նույն` 8:0 հաշվով և նվաճել հուշամրցաշարի հաղթողի տիտղոսը:
Լևոն Արոնյան
Շախմատ խաղալիս, իհարկե, ֆիզիկական պատրաստվածությունը ցույց տալ չես կարող, սակայն փայլել ինտելեկտով հնարավոր է:
Լևոնը ծնվել է 1982 թվականին, Երևանում: Շախմատի հետ նրան ծանոթացրել է հարազատ քույրը` Լիլիթը, որը հաստատ իր ընտրության մեջ չի սխալվել:
Հիմնական հաղթանակների թվում է ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթը 2005 թվականին, ինչպես նաև Մոսկվայում անցկացվող Տալի հուշամրցաշարում, 2010 թվականին: 2013 թվականին նա հաղթեց Ալյոխինի հուշամրցաշարում:
Բացի այդ հայ շախմատիստն առանց դժվարության հաղթեց Նորվեգիայի Ստավենգեր քաղաքում անկցավող շախմատի մրցաշարը (2017 թվականի հունիս), Սանկտ-Պետերբուրգի Grand Chess Tour-ը օգոստոսին, ինչպես նաև Վրաստանում անցկացվող շախմատի աշխարհի գավաթը:
Լևոնին, իրավամբ, անվանում են այսօրվա լավագույն շախմատիստներից մեկը: Աշխարհի կրկնակի գավաթակիր, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սեպտեմբերի 30-ին, 11 տարվա ծանոթությունից հետո, ամուսնացավ ֆիլիպինուհի, շախմատի Օկեանիայի չեմպիոնուհի Արիանա Կաոիլիի հետ: