ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հայ-բելառուսական բարեկամության անտառների համար երկու երկրների ներկայացուցիչները Հայաստանի տարածքում տեղ կընտրեն հոկտեմբերի վերջին կայանալիք բելառուսական պատվիրակության այցի ժամանակ, հայտնում է Բելառուսի գյուղատնտեսության և արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հայաստանին անհատույց կտրամադրվեն անհրաժեշտ քանակի տնկիներ և կցուցաբերվի տեխնոլոգիական օգնություն»,– գրված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի խոսքով` մեր երկիրը հետաքրքրված է տեխնոլոգիական հնարավորություններով, որոնք այսօր ունի Բելառուսը։
«Եթե Բելառուսի համար անտառային տնտեսությունը լուրջ տնտեսական նշանակություն ունի, ապա Հայաստանի համար, առաջին հերթին` բնապահպանական. անտառների պահպանման հարցն է»,– ասաց նախարարը։
Առաքելյանը նաև նշեց պելետի (փայտի թափոններից գլանաձև հատիկներ) և այլ նյութերի արտադրության նախագծերի կարևորությունը։ Նախարարն ասաց, որ նրան ամենաշատը մտահոգում է գյուղացիների բնակարանների ջեռուցման խնդիրը։