ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի- Sputnik. Երկրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչ Արարատի Ավետիսյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
ՔԿ տարածած տեղեկություններով` զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է 20.10.2017 թ. ժամը 17։20-ի սահմաններում՝ գլխի ճակատային շրջանում։
Քննությամբ պարզվել է, որ զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից, ճակատի շրջանին կրակոց արձակելու հետևանքով։ Զինծառայող Ավետիսյանին զինակիցներն անմիջապես տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ, սակայն ճանապարհին նա մահացել է:
«Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեպքից օրեր առաջ զինծառայողի հետ վիճաբանել և բռնություն է կիրառել նույն զորամասի մեկ այլ զինծառայող»,- ասված է հաղորդագրության մեջ:
Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնակարգային դրույթները խախտելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող։
Նախաքննությունը շարունակվում է: