ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը երկրագնդի բնակիչները հնարավորություն կունենան տեսնելու երկնաքարային ամենագեղեցիկ հոսքերից մեկը՝ Օրիոնիդան։ Աստղային անձրևը տեսանելի կլինի նաև Հայաստանից։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, աստղագետ, գիտությունների թեկնածու Գաբրիել Օհանյանը։
«Երկնաքարային հոսքն ավելի պարզ տեսանելի կլինի լուսաբացից առաջ, երբ ավելի մոտ կգտնվի երկնոլորտին։ Տեսարանն ավելի հստակ կլինի բարձրադիր վայրերից»,- ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Նա նաև հայտնեց, որ երկնաքարային հոսքը հազվադեպ երևույթ չէ, այն պարբերաբար կրկնվում է, բայց երկրագնդից հեռու լինելու և եղանակի պատճառով ամեն տարի չէ, որ տեսանելի է։
Օհանյանի խոսքով, երկնաքարային անձրևը պարզապես գեղեցիկ երևույթ է։
«Այն ոչ մի վտանգ չի ներկայացնում մարդկանց համար։ Երկնաքարերը երկնոլորտում այրվում են, մոխրանում ու երկրի մակերևույթին չեն հասնում»,- ասաց նա։
Օրիոնիդան համարվում է միջին չափի աստղային անձրևներից մեկը։ Այս տարի այն, գիտնականների դիտարկմամբ, հասել է իր առավելագույն ինտենսիվության։