ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. System Of A Down հայտնի խմբի մենակատար Սերժ Թանկյանին շատ դուր եկավ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի երիտասարդական նվագախմբի`Օրկա #1 սիմֆոնիայի կատարումը։
«Ես շատ տպավորված եմ։ Կատարումն ինձ հիացրեց և նույնիսկ հուզեց, անկեղծ ասած… Ֆանտաստիկ աշխատանք է, հիանալի էր։ Ես հիմա լսում ու մտածում էի` մեր գանձերը ոչ թե գետնի տակ են, այլ այստեղ…», – ասաց ռոք–երաժիշտը։
Հուզիչ և զգացմունքային ստեղծագործությունը ուժեղ տպավորություն թողեց հանդիսատեսի վրա։ «Օրկա» սիմֆոնիան, որը բաղկացած է չորս մասից, գրված է որպես զրույց մարդկության հետ, ստեղծագործության մեջ հեղինակը կետին համեմատում է մարդկանց հետ։
Օպերան ներկայացնում է կենդանու ամբողջ կյանքի ընթացքը։ Առաջին գործողությունը կոչվում է Victorious Orcinus։ Նա ներկայացնում է հաղթողի կյանքը, որը կարող է սպանել և հասնել բազմապիսի բարձունքների իր ֆիզիկական հզորության շնորհիվ։ Սակայն երկրորդ գործողության ժամանակ կետը ջրի հատակն է անցնում և ընկղմվում մեդիտացիայի մեջ` փորձելով բացահայտել ինքն իրեն։ Այդժամ նա հասկանում է`փաստորեն դելֆինների դասին է պատկանում։ Կետին համեմատելով դելֆինի հետ` որպես մարդու լավ և վատ տեսակներ, Թանկյանը փորձում է ասել, որ մեր ներսում բոլորս լույս և մութ կողմեր ունենք։ Եվ յուրաքանչյուրն ինքն է որոշում` գնալ դեպի լույս և հավատալ կյանքին, թե ոչ։
2013 թվականին Օրկա #1–ը թողարկվել էր որպես ալբոմ։
Համերգը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան V միջազգային փառատոնի շրջանակներում, որը նվիրված էր ականավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին։ Ավելի վաղ Սերժ Թանկյանը խոստովանել էր, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել իր սիմֆոնիան Արամ Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակներում։