ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Իրավապահ մարմինները հայ տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալել են Մոսկվայի բնակչի։
Ռուսաստանի ՔԿ ՔԳՎ ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ տղամարդն ընդունել է մեղքը և պատմել, որ սպանության պատճառը ճանապարհային կոնֆլիկտն է եղել։
Նախնական տվյալով՝ սպանությունից որոշ ժամանակ առաջ կասկածյալը վարել է «Ժիգուլի» մակնիշի մեքենա, իսկ զոհը՝ Infiniti մակնիշի ավտոմեքենա: Նշվում է, որ ձերբակալվածը կտրել է 44-ամյա հայի ճանապարհը Լեսնայա փողոցում, ինչից հետո նրանց ճանապարհային կոնֆլիկտը շարունակվել է մինչև Նովոսլոբոդսկայա փողոց, որտեղ Մոսկվայի ժամանակով ժամը 08:30-ին տեղի է ունեցել սպանությունը:
Սպանվածի ուղղությամբ կրակել են առնվազն չորս անգամ, հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ սպանվածը` Գեորգի Հակոբջանովը, ծնունդով Հայաստանից է, իսկ իրավապահ մարմինների աղբյուրի տվյալով` կասկածյալը ՆԳՆ-ի նախկին աշխատակից է։