Վերջին տարիներին մարդիկ սկսել են այլ կերպ վերաբերվել սպորտին ու առողջ կենսակերպին։ Ու թեև ֆիթնես-ակումբները, լողավազաններն ու թենիսի կորտերը հաճախ ընկալվում են որպես բարձրաշխարհիկ կյանքի մի մաս, այդուհանդերձ հայ հոգևորականների թվում քիչ չեն նրանք, որոնց համար կարևոր է ոչ միայն առողջ հոգին, այլև առողջ մարմինը։
Նրանցից մեկն էլ Տեր Պարթև քահանա Մուրադյանն է, որը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմում է, որ միշտ զբաղվել է տարբեր մարզաձևերով։
«Հոգևորականնը մյուսների պես մարդ է, և նա նույնպես կարող է սպորտով զբաղվելու ցանկություն ունենալ։ Ես իմ կյանքի տարբեր ժամանակահատվածերում տարբեր մարզաձևերով եմ զբաղվել։ Հիմա մեծ թենիս ու վոլեյբոլ եմ խաղում, շատ եմ սիրում ֆուտբոլը։ Դեռ դպրոցում ըմբշամարտով էի զբաղվում, հաճախ էի այցելում մարզադահլիճ»,- ասում է Տեր Պարթևը։
Նրա խոսքով, «առողջ մարմնում` առողջ հոգի» արտահայտությունը ոչ մի կերպ չի հակասում քրիստոնեական ճշմարտություններին, հակառակը` համընկնում է։
«Այն մարմինը, որը Աստծուց որպես շնորհ ենք ստացել, պետք է կարողանանք առողջ պահել։ Ի վերջո, եթե մարդը գիտակցաբար գնում է հիվանդության, նույնպես մեղք է»,- ասում է նա։
Հետո ավելացնում է, որ շատ հաճախ, երբ ուխտագնացություն է կազմակերպվում, հավատացյալներն ու եկեղեցում ծառայող երիտասարդ հոգևորականներն այդ ուխտագնացությունն իրականացնում են հեծանիվով։