Ընտանեկան բռնությունների խնդիր Հայաստանում կա։ Կարծում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը։
Նրա խոսքով՝ պաշտոնական վիճակագրությունը վերջին տարիներին նաև որոշակի աճ է արձանագրել։ Այսպես` եթե 2012թ-ին Հայաստանում գրանցվել է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության 410 դեպք, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ` 16 դեպք, ապա 2016թ-ին գրանցված ընտանեկան բռնության դեպքերից 481-ում ամուսինն է բռնություն կիրառել կնոջ նկատմամբ, 20 դեպքում` կինն` ամուսնու, 66 դեպքում էլ ծնողները բռնացել են զավակների նկատմամբ։
«Իսկ 2017թ-ի առաջին 9 ամիսների ընթացքում ոստիկանությունը քննել է ընտանեկան բռնության 602 դեպք, որոնցից 142-ով գրանցվել են քրեական գործեր»,- ասում է Դուրյանը։
Նրա խոսքով, վիճակագրության աճը նաև հանրության տեղեկացվածության, ընտանիքում տեղի ունեցող արատավոր դեպքերի մասին բարձրաձայնելու սովորույթի ամրապնդման արդյունք է։