ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն արձագանքել է գործարար ու բարերար Լևոն Հայրապետյանի մահվան լուրին և գրառում է հրապարակել Twitter-ի իր միկրոբլոգում։
«Ինչպիսի ողբերգական ճակատագիր։ Հայտնի էր, որ Լևոն Գուրգենովիչը ծանր հիվանդ է։ Ինչո՞ւ նրան բանտ նետեցին»,- գրել է Սոլովյովը։
Какая трагическая судьба. Было известно, что Левон Гургенович очень тяжело болен. Зачем было давать реальный срок? https://t.co/icLgBpfYzx
— Vladimir Soloviev (@VRSoloviev) 18 октября 2017 г.
Լևոն Հայրապետյանը մահացել է այսօր` հոկտեմբերի 18-ին, կյանքի 68-րդ տարում։
Նա ձերբակալվել էր դեռևս 2014 թվականին ու դատապարտվել 4 տարվա ազատազրկման:
Նրա դեմ հարուցված քրեական գործի հիմքում նախկին սենատոր Իզմեստևի և նրա մոր ցուցմունքներն էին: Դրանց համաձայն՝ Հայրապետյանն Իզմեստևի մորից 700 հազար դոլար էր վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանն աջակցելու խոստումով, սակայն չէր կատարել խոստումը։
Դատարանի վճռով Լևոն Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել 700 հազար դոլարի խարդախության մեջ։
Ծագումով արցախցի Լևոն Հայրապետյանն Արցախի ամենախոշոր ներդրողներից էր։ 16 տարի առաջ նրա տրամադրած ֆինանսական միջոցներով վերակառուցվել է 13-րդ դարի հայտնի Գանձասարի վանական համալիրը։
Նրա օգնությամբ Արցախում կառուցվել է փայտամշակման գործարան, հանգստյան գոտիներ ու դպրոց։
Լևոն Հայրապետյանը հոգացել է նաև «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու մի հատվածի շինարարության ծախսերը։ Դա այն հատվածն է, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։
7 մլն դոլար էլ տրամադրել է Մարտակերտում ջրամբարի կառուցմանը։