ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի հումորիստ և շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, հաճախ է հետևորդներին ուրախացնում սրամիտ գրառումներով։ Այս անգամ նա գրել է, որ իրեն առաջարկել էին դառնալ Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների համաշխարհային փառատոնի դեսպան, սակայն Մարտիրոսյանը նրան թույլ չի տվել։
Լևինան պարզաբանել է, որ Սոչին մեկ շաբաթով դարձավ աշխարհի երիտասարդական մայրաքաղաք` հենց այստեղ է անցկացվում Երիտասարդների և ուսանողների համաշխարհային փառատոնը։
«Ես իհարկե, շոյված եմ, որ կազմակերպիչները հրավիրել են ինձ լինել այդ փառատոնի դեսպան։ Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե հայրենիքի նկատմամբ ինչ արժանիքների համար են ինձ նման պատվի արժանացրել, կարծում եմ՝ հիշել են իմ վաղ երիտասարդությունը, երբ անցած դարում ես երկրին օգնում էի ջարդոն և մակուլատուրա հավաքել, տատիկներին օգնում էի փողոցն անցնել և փայլող աչքերով, փողկապը վզիս հերթապահում էի Լենինի արձանի մոտ։ Կամ, դե, հավանաբար, փոքրիկ աղջնակ Ժաննայի նամակն է՝ ուղղված Միխայիլ Գորբաչյովին, որում 1985 թվականին Մոսկվայում անցկացվող փառատոնին հրավիրելու խնդրանք էր գրված, վերջապես հասել երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինին։ Վլադիմիր Վլադիմիրովիչը կարդացել է նամակս, գնահատել աղավնու պատկերով նկարս, գրանցվել է իմ էջին և արդարացիորեն որոշել հրավիրել ինձ մասնակցելու փառատոնին։ 32 տարին մեկ Երիտասարդական համաշխարհային փառատոներ անցկացնելու Ռուսաստանի ավանդույթը հաշվի առնելով՝ հրաժարվել ես չէի կարող։ Առաջինը նորության մասին պատմեցի Գարիկին։ Նա ուրախացավ, գրկեց ինձ, ասաց, որ հպարտանում է ինձնով և թույլ չտվեց»,– ասել է Լևինան։
Comedy Club–ի ներկայացուցչի կնոջ գրառումն, իհարկե, անուշադրության չմատնեցին, առավել ևս, որ Ժաննան տեսագրություն էր տեղադրել, որտեղ նրա հագին փառատոնի խորհրդանիշով բլուզ է։
Հետևորդներից մեկի հարցին, թե՝ «Արդյո՞ք ճիշտ է, որ ձեզ հրավիրել են դեսպան լինել, իսկ Գարիկը թույլ չի տվել։ Կարծում եմ, ինչպես մեկը, այնպես էլ մյուսը կատակ է», Ժաննան կարճ պատասխան է տվել՝ «Ճիշտ է»։
«Ահա կանգնած եմ խոհանոցում, տոլմա եմ պատրաստում ընթրիքի համար, սակայն կազմակերպիչներին պիոներական ազնիվ խոսք եմ տալիս, որ Երիտասարդների և ուսանողների համաշխարհային փառատոնի տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, որպես դեսպան, ուշիուշով կհետևեմ հեռուստացույցով»,– գրել է Ժաննան։