ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ քաղաքացի 29-ամյա Վահագն Կարապետյանը, որը Մոսկվայում զբաղվում էր մասնավոր ուղևորափոխադրումներով, դատարանի որոշմամբ կալանավորվել է 1,5 ամսով` ուղևորներին թունավորելու մեղադրանքով։
Ինչպես փոխանցում է «Մոսկվա» քաղաքային լուրերի գործակալությունը` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին, տղամարդու վարձակալած բնակարանում խուզարկություն իրականացնելու ընթացքում հայտնաբերվել է 20 բջջային հեռախոս, 190 կլոզապին ուժեղ ազդող դեղահաբ և 98 ձեռքի ժամացույց։
Կարապետյանը մեղադրվում է Ռուսաստանի ՔՕ երկու հոդվածներով` «Առջողությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելը, որն անզգուշության հետևանքով հանգեցրել է տուժողի մահվան» և «Կողոպուտ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելով»: Քաղաքացին արդեն ընդունել է իր մեղքը։
Կարապետյանի նկատմամբ գործ էր հարուցվել հունիսի 30-ին` ռադիոհաղորդավար Արթուր Բիտովի մահվան կապակցությամբ: Կարապետյանը ձերբակալվել է Մերձմոսկովյան շրջանում հոկտեմբերի 16-ին. նշված է կալանավորման մասին որոշման մեջ:
Ավելի վաղ Մոսկվայի ՔԿ գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան հայտնել էր, որ ապրիլի 9-ի առավոտյան Դվինցևի փողոցի երթևեկելի հատվածի մոտ հայտնաբերվել է 51-ամյա տղամադրու դի առանց տեսանելի վնասվածքների: Փորձաքննության համաձայն` զոհը մահացել էր էթիլային սպիրտից և հոգեմետ դեղերից թունավորվելուց:
Հետաքննության տվյալներով` 2015 թվականին տղամարդն ուղևորափոխադրումների մասնավոր ծառայություն էր մատուցում և տարբեր պատրվակով իր հաճախորդներին առաջարկում էր հանքային ջուր խմել, որի մեջ նախապես հոգեմետ նյութեր էր լուծում, հետո սպասելով, որ դեղամիջոցն ազդի, կալանավորված անձը հափշտակում էր հաճախորդներին պատկանող թանկարժեք իրերը։