ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Անցած մեկ տարում աշխարհում սովյալների ու թերսնվողների թիվն ավելացել է 38 մլն-ով։ 2016 թ-ի տվյալով, նման մարդկանց թիվը հասել է 815 մլն-ի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինը:
Նրա խոսքով, սովյալների թիվն ավելանում է հակամարտությունների և կլիմայի փոփոխության հետևանքով։ Չնայած դրան, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում լիահույս են, որ 2030 թ.-ին իրենց կհաջողվի արմատախիլ անել սովն ու թերսնուցումն աշխարհում։
«Բայց դրա համար մեզ անհրաժեշտ է համախմբել հանուն սննդի անվտանգության հանդես եկող բոլոր կողմերի ջանքերը։ Մեր նպատակն է խթանել ներդրումները գյուղատնտեսության ոլորտում` աշխատատեղեր ստեղծելու համար, չեզոքացնել կլիմայի փոփոխության ազդեցությունները, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն լքել իրենց բնակության վայրերը»,- ասաց Ռախմանինը` նշելով, որ Հայաստանի հետ համագործակցության արդյունավետ փորձը հենց այդ համատեքստում է։
Հայաստանը ևս զերծ չէ կլիմայական բացասական փոփոխություններից։ Մեր երկրում էլ կան գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք աղակալման հետևանքով այլևս չեն օգտագործվում։
«Ցավոք, նման հողեր կան, որովհետև երկար ժամանակ չեն օգտագործվել։ Գրեթե բոլոր մարզերում էլ կան` և՛ Արարատյան դաշտում ունենք, և՛ այլ մարզերում։ Եթե հողը չի օգտագործվում, դեգրադացվում է»,- Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց գյուղնախարար Առաքելյանը։
Չջրվող հողատարծքների տերերը, որպես կանոն, լքում են իրենց տունն ու հաճախ նաև երկիրը` սովի չմատնվելու համար։
Իսկ ինչ վերաբերում է սովի մատնված մեր հայրենակիցներին, 2015թ-ի պաշտոնական տվյալներով, ՀՀ բնակչության 29.8 %-ն աղքատ է, 2%-ը` ծայրահեղ աղքատ կամ թերսնվող։
Ինչ վերաբերում է ապագայի ծրագրերին, մինչև 2020թ-ը Հայաստանն ու ՊԳԿ-ն նախատեսում են իրականացնել մի շարք ծրագրեր` Հայաստանում արտադրվող բնական սննդամթերքն անվտանգ դարձնելու և մեր երկրում աղքատությունը կրճատելու ուղղությամբ։
Վլադիմիր Ռախմանինի ու ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանի` այսօր ստորագրած համագործակցության համաձայնագրում միայն ընդհանուր ձևակերպումներ են, մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ։
«Դրանով չի որոշվում, թե ինչքան փող կծախսվի և ինչ ծրագրերի վրա»,- համաձայնագրի ստորագրումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց նախարարը։
«Մենք դուրս ենք գալիս ավելի լայն ասպարեզ, իրացնելու ենք ավելի մեծ նախագծեր, ծախսելու ենք ավելի խոշոր դրամական միջոցներ»,- առանց փակագծերը բացելու նշեց Ռախմանինը։
Հստակ նախանշված ու արդեն իրականացման ընթացքի մեջ են երկու ծրագիր` Արարատյան դաշտում կիսափակ ցիկլով աշխատող ձկնաբուծարանի և Էջմիածնում խաղողի անվտանգ աճեցման տնկարանի ստեղծումը։