ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին առաջարկվել է դատահոգեբանական փորձաքննություն անցնել։ Փաստաբան Ալեքսանդր Խամինսկին իր այս առաջարկի մասին խոսել է Дни.ру-ին տված հարցազրույցում։
Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ից գտնվում է Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում։ Նրա առողջական վիճակը միջին ծանրության է։ Հայտնի է, որ 82-ամյա դերասանը պատրաստվում է բաժանվել 38-ամյա կնոջից։ Այդ փաստը հաստատել է նաև Ջիգարխանյանի ընկերը` Արթուր Սողոմոնյանը` շեշտելով, որ Ջիգարխանյանի ամբողջ ունեցվածքը կնոջ անունով է գրանցված։
«Եթե Արմեն Բորիսովիչը փաստաթղթերը ստորագրել է` չհասկանալով, թե ինչ է ստորագրում, ապա որևէ մեկը չի խանգարում, որ նա դատահոգեբանական փորձաքննություն անցնի։ Մենք նույնիսկ հետմահու դատահոգեբանական փորձաքննություն ունենք»,- ասել է Խամինսկին։
Նրա խոսքով, պետք է ուսումնասիրել, թե ինչ հանգամանքներում է անշարժ գույքն օտարվել, ինչ կարգով, և երբ է այն դարձել սեփականություն։ Խամինսկին վստահ է, որ դերասանի կինը խարդախության բաց քայլեր չի արել, քանի որ Ջիգարխանյանի խաբելը դժվար է, նա սթափ գիտակցություն ունի և հրաշալի հասկանում է` ինչ է անում։
«Հայտնի չէ, թե ինչու է Ջիգարխանյանը հայտնվել հիվանդանոցում։ Նա երիտասարդ չէ, բայց կուզեի ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ ինձ ծանոթ տարեց դերասաններից շատերը տարբերվում են իրենց հասակակիցներից։ Նրանց ուղեղը միշտ աշխատում է և հեռու են ծերունական թուլամտությունից»,- ասել է Խամինսկին։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում: Թատրոնում և կինոյում մարմնավորած կերպարների թիվը հասնում է 250-ի: Նրա խաղացած ամենահայտնի ֆիլմերից են «Բարև, ես եմ», «Ճայը», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը», «Մրցանակ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Թեհրան-43», «Նիկոլո Պագանինի», «Անձնագիրը», «Արքայասպանը»։