ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալությունն ու ռադիոն FM հաճախականությամբ սկսվել է հեռարձակվել նաև Գյումրիում։ Ծրագրերը հասանելի են գյումրեցիներին ռուսերեն և հայերեն լեզուներով 90.1 հաճախականությամբ։ Եթերը ներառում է ամենօրյա նորությունների բլոկ` հասարակա-քաղաքական արդիական խնդիրներով, ինչպես նաև թեմատիկ ծրագրերի լայն շրջանակ:
«Շատ ուրախ ենք, որ այժմ Sputnik Արմենիայի նորությունները բարձր որակով կարող ենք հասցնել նաև մեր Գյումրիի ունկնդիրներին։ Հուսանք, որ հաջողված փորձ կլինի, և հետագայում Sputnik–ը կկարողանա հեռարձակվել նաև Հայաստանի այլ մարզերում», – ասաց Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն։
Հաղորդիչի հզորությունը թույլ է տալիս հեռարձակում ապահովել ոչ միայն Գյումրիում, այլև 30 կմ շառավղի վրա գտնվող բնակելի տարածքներներում։ Պոտենցիալ լսարանն ավելի քան 200 000 մարդ է։
Հեռարձակումն իրականացվում է գործընկեր «Տոսպա» ռադիոկայանի հետ համատեղ։
Sputnik ռադիոյի ծրագրերը հասանելի են նաև Sputnik Արմենիա պորտալի ռուսերեն և հայերեն տարբերակներում։
Sputnik Արմենիան գործարկվել է 2015 թվականի հուլիսի 1-ին։ Գործակալությունն ունի տեղեկատվական պորտալի հայերեն և ռուսերեն տարբերակներ, ռադիո և տեխնիկապես հագեցած մուլտիմեդիոն մամուլի կենտրոն։ Liveinternet.ru-ի տվյալով` Sputnik Արմենիա լրատվական պորտալը 2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ընդգրկվել է առաջատար առցանց ԶԼՄ-ների ցանկում։
Sputnik Արմենիան Sputnik միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի մի մասն է կազմում։ Վերջինը մուլտիմեդիոն տեղեկատվական մասնաճյուղեր ունի տասնյակ երկրներում, կայքեր` ավելի քան 30 լեզվով, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն: