ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանին չհաջողվեց առաջ տանել Արցախի հարցը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Սևծովյան ավազանի հակամարտությունների քննարկման ժամանակ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պատվիրակության ղեկավար, պաշտպանության և անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Ադրբեջանի պատվիրակությունը, ինչպես նշեց նա, պարբերաբար փորձում է այդ հանդիպումների ժամանակ հակահայկական քարոզչություն իրականացնել: Հայկական կողմը պատրաստ էր դրան:
«Ադրբեջանական քարոզչության դեմ հակազդեցության հարցում մենք հաջողություններ արձանագրեցինք»,- ասաց Նահապետյանը:
Ադրբեջանի ներկայացուցիչները փորձել են «ընդլայնել» սևծովյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ իրենց երկրի համար ընդունված որոշումներից մեկի աշխարհագրությունը: Դրանից հետո, ըստ Նահապետյանի, նրանք առաջարկել են այդ տարածքներում հակամարտությունները դիտարկել բացառապես տարածքային ամբողջականության դիրքից:
Հիմնական զեկուցողը մերժել է առաջարկը` հիմնավորելով, որ բանաձևը վերաբերում է Սեւ ծովի տարածաշրջանին:
Ադրբեջանը փորձել է ստանալ ՆԱՏՕ-ի հայտարարությունն այն մասին, որ Դաշինքը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և անկախությունը:
«Մենք նշեցինք, որ ՆԱՏՕ-ն պաշտպանում է Հարավային Կովկասի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, և նման բանաձևի ընդունման անհրաժեշտություն չկա: Ադրբեջանական կողմի առաջարկները մերժվել են ինչպես հանձնաժողովների, այնպես էլ վերջնական փաստաթղթի շրջանակներում»,- ասել է Նահապետյանը:
Իր հերթին, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոնդ Մարուքյանն ասել է, որ երկիրը Սև ծովի ավազանում ներառելու՝ Ադրբեջանի ներկայացուցիչների փորձից հետո հարցի հիմնական զեկուցողը քարտեզի վրա ցույց տվեց Սև ծովը և նրան մուտք ունեցող երկրները:
«Նա նշեց, որ այդ հարցը ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ»,- ասաց Մարուքյանը:
Հոկտեմբերի 6-9-ը Ռումինիայի մայրաքաղաքում կայացավ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 63-րդ նստաշրջանը: