ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն այժմ բուժվում է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Մոսկվայի 57-րդ հիվանդանոցից։
Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության։
«Այո, նա մեզ մոտ է։ Ջերմությունը նորմալ է, վիճակը` միջին ծանրության»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Դերասանը հիվանդանոց է տեղափոխվել հոկտեմբերի 10-ին։ Զրուցակիցը հայտնել է, որ նրա վիճակը քիչ թե շատ կայուն է։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ հայտնի կինոդերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և հրաժարվում է շփվել կնոջ հետ, որին իբրև թե մեղադրում է գույքը ձեռքից խլելու նպատակով իրեն սպանելու փորձի մեջ։
Ջիգարխանյանի կինը` Վիտալինա Ցիբալյուկ-Ռոմանովսկայան, իր հերթին հայտարարել է, որ ամուսնուն առևանգել ու հիվանդանոց են տեղափոխել անհայտ անձինք, որոնք ցանկանում են զավթել նրա ղեկավարած թատրոնը։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում: Թատրոնում և կինոյում մարմնավորած կերպարների թիվը հասնում է 250-ի: Նրա խաղացած ամենահայտնի ֆիլմերից են «Բարև, ես եմ», «Ճայը», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը», «Մրցանակ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Թեհրան-43», «Նիկոլո Պագանինի», «Անձնագիրը», «Արքայասպանը»։