ԵՐԵՎԱՆ, 16 Հոկտեմբեր — Sputnik. Այսօր` հոկտեմբերի 16-ին, ժամը 08:22-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Երևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Shamshyan.com–ի տվյալներով Երևան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Ստեփան Չախոյանը իր վարած Toyota մակնիշի PՍ-545-ՏՕ համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում, դեպի Հրազդան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակին ու դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի։
Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի։ Վարորդ Ս. Չախոյանը, չկարողանալով դուրս գալ, ամբողջովին այրվել է։
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով են մեքենայից դուրս են բերել վարորդի դին։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։