ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվայում ձերբակալվել է խոշոր խարդախության մեջ մեղադրվող Ստեփան Ավանեսյանը, հաղորդում է «Կոմերսանտ» թերթը:
Պարբերականը հայտնում է, որ Բաքվում ծնված 55-ամյա Ստեփան Ավանեսյանը ձերբակալվել է իրավապահ մարմինների մանրակրկիտ պլանավորված համատեղ աշխատանքի արդյունքում:
Տղամարդուն բռնել են «օպերատիվ փորձի» ժամանակ, երբ նրան են փոխանցվել 20 միլիոն ռուբլու փաթեթները: Ըստ Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի քննչական վարչություն քննիչների, որոնք խոշոր խարդախության փորձի առթիվ քրեական գործ են հարուցել, սա միայն առաջին տրանշն է եղել. Ստեփանյանը մտադրված է եղել 160 մլն ռուբլի ստանալ:
Հետաքննության տվյալների համաձայն` նա իմացել է, որ քիմիական արդյունաբերության ձեռնարկություններից մեկի գլխավոր տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել, և գործարանում բազմաթիվ ստուգումներ են իրականացնում: Առաջարկել է «օժանդակել որոշմանը»` խոստանալով փողերը փոխանցել «իրավապահ մարմիններին», չնայած իրականում «ստուգումների ընթացքի վրա ազդելու հնարավորություն չի ունեցել»:
Խաբեբայի զոհ է դարձել Կավմինվոդիի Լերմոնտով քաղաքում գտնվող հիդրոմետալուրգիական գործարանի ղեկավարությունը: Բեշթաու լեռան ստորոտում գտնվող այս ձեռնարկությունը ստեղծվել է 1950-ականների սկզբին ուրանի հանքաքարերի վերամշակման և արդյունաբերության համար քիմիապես մաքուր ուրանի օքսիդի արտադրության համար, գրում է թերթը:
Նշվում է, որ պարոն Ավանեսյանը, իրոք, կարող էր կապ ունենալ քիմիական արդյունաբերության հետ: Որոշ տվյալների համաձայն` նա եղել է մայրաքաղաքի առևտրային ընկերություններից մեկի համահիմնադիրը, որը զբաղվել է օրգանական քիմիական նյութերի արտադրությամբ և վաճառքով:
Ստեփանյանը մեկուսարանում կմնա մինչև նոյեմբերի 12-ը: Նա բողոքարկել է այդ որոշումը, սակայն Մոսկվայի քաղաքային դատարանում բողոքի վերանայման ժամկետը դեռ չի հաստատվել: