ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Հինգշաբթի օրը Վոլգոգրադում Մամայև կուրգանում հանդիսավորությամբ բացվեց Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մարտնչած պայքարող հայերի հիշատակին նվիրված հուշարձանը, հաղորդում է Վոլգոգրադսկայա պրավդան:
Խաչքարն օծել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոսը։
«Ստալինգրադի ճակատում հայ զինվորներից որևէ մեկը գերության չհանձնվեց: Մեր պապերն այստեղ կողք կողքի կռվել են այլ ազգերի ներկայացուցիչների հետ, այս սուրբ երկրում զոհվել է ավելի քան 10.000 հայ: Բայց մահը հանուն Հայրենիքի անմահություն է»: Խաչքարը ոչ միայն մեր հավատքի խորհրդանիշն է, այլև հարգանքի տուրք է այս հերոսական մարդկանց », — ասել է հոգևորականը։
Արքեպիսկոպոսը խաչքարն օծել է մյուռոնով, որը Հայ առաքելական եկեղեցում պատրաստվում է յուրաքանչյուր յոթ տարին մեկ և տեղափոխվում աշխարհով մեկ սփռված հայկական եկեղեցիներ:
Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Ասայանը, որի պապը նույնպես կռվել է այդ վայրերում, ասել է, որ իր համար մեծ պատիվ է նման պատմական իրադարձությանը մասնակցելը:
Վոլգոգրադի փոխմարզպետ Ալեքսանդր Բլոշկինն ասել է, որ խաչքարի բացումը խոր իմաստ ունի. «Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը միշտ միասին են եղել, մեր ժողովուրդների բարեկամությունը հավերժ է»:
Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել են երեք ստորաբաժանում, որոնք ստեղծվել են Հայաստանում և ուղարկվել ճակատ: Այդ ստորաբաժանումներում ընդգրկված մարդկանցից միայն 10 տոկոսը ողջ մնացին: Հայ զինվորները պաշտպանեցին Պավլովի տունը, ինչպես նաև Նիժնի գյուղի «Բարիկադներ» գործարանը, դիմակայեցին թշնամու հարձակմանը Վոլգայի վրա: