ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում ստեղծվելու է միջուկային անվտանգության և միջուկային կրիմինալիստիկայի կենտրոն։ Ֆինանսավորմամբ և փորձի փոխանակման հարցերով պատրաստ է զբաղվել Միացյալ Նահանգները։ Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։
«Կենտրոնն ունենալու է 3 շատ հետաքրքիր գործառույթ` փորձաքննական, գիտական ուսումնասիրությունների և կրթական։ Այս ամսվա հոկտեմբերի 18-ին և 19-ին ամերիկյան պատվիրակությունը կգա Հայաստան և կքննարկենք ընթացիկ տարվա քայլերն այս ուղղությամբ»,-ասաց Հարությունյանը։
Արդեն իսկ ստեղծվել է համատեղ լաբորատորիա, որում ներգրավված են պոլիտեխնիկական համալսարանը, ատոմակայանը, Երևանի ֆիզիկայի ինստիտուտը և այլն։
«Հույս ունեմ, որ մոտակա տարիներին կունենանք որոշ մասնագետների վերապատրաստում Միացյալ նահանգներում, մագիստրական 4-5 ծրագիր»,- ասաց նա։
Sputnik Արմենիայի այն հարցին, թե ինչ գործողություններ է իրականացնելու կենտրոնը, Հարությունյանը մի քանիսը թվարկեց` միջուկային թափոնների ուսումնասիրություն, միջուկային ծագում ունեցող էլեմենտների` Հայաստանից տեղափոխում, համապատասխան մասնագետների պատրաստում, գիտական ուսումնասիրությունների իրականացում։
Ինչ վերաբերում է ատոմակայանում ռուսական կողմի աջակցությանը, գիտական պետական կոմիտեի նախագահն ասաց, որ Ռուսաստանը շարունակում է լուրջ դերակատարում ունենալ ատոմակայանի շահագործման հարցում։
«Ռուսական կողմի հետ լուրջ համագործակցում ենք, իսկ վերոնշյալ գործակցությունը բխում է թե՛ մեր, թե՛ Ռուսաստանի շահերից։ Միայն այն փաստը, որ Ռուսաստանը գործակցում է մեր ատոմակայանի հետ, մեծ աջակցություն է մեզ համար»,- ասաց Հարությունյանը։
Նա ավելացրեց` Ռուսաստանի հետ գործակցությունը բարձր մակարդակի վրա է։
Հայկական ատոմակայանը գտնվում է Երևանից 28 կմ դեպի արևմուտք` Արարատյան դաշտավայրում: ՀԱԷԿ-ն ունի երկու էներգաբլոկ, որոնք կառուցված են ВВЭР-440 տեսակի երկու սեյսմակայուն ռեակտորների հիման վրա: ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերի 22-ին, երկրորդը `1980 թվականի հունվարի 5-ին: Այժմ գործում է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը, որն ապահովում է հանրապետությունում սպառվող էլեկտրաէներգիայի 40% —ը: ՀՀ կառավարության որոշմամբ, 2015 թվականին աշխատանքներ սկսվեցին կայանի շահագործման ժամկետները երկարաձգելու համար: